Հուլիսի 2-ին ժամը 15.15-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում երկաթգծի վրա հայտնաբերել են մահացած կնոջ մարմին:
Ինչպես տեղեկանում ենք Tert.am-ից` պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչ 49-ամյա Նելլի Աբրամովան էր, ով անցնելիս է եղել Թումանյան փողոցի վրա գտնվող «Լաչինի միջանցք» կոչվող տարածքին հարակից երկաթգծի վրայով՝ հետիոտների համար չնախատեսված հատվածով:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նրա հետ է եղել իր տղան՝ 26-ամյա Արսենը: Այն ժամանակ, երբ մայրը անցնելիս է եղել երկաթգծի վրայով, տղան նկատել է, որ մոտենում է շոգեքարշը և բղավել է, որ մայրը կանգնի կամ շտապ անցնի, սակայն շոգեքարշը հարվածել է մորը և անցել վրայով՝ մարմինը բաժանելով երկու մասի:
Շոգեքարշը վարել է Սանահին կայարանի մեքենավար 52-ամյա Սամվել Լալայանը, իսկ նրա հետ է եղել նրա օգնականը՝ Կարեն Թամազյանը: Շոգեքարշը Այրում կայարանից դեպի Սանահին կայարան էր մեկնում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ն. Աբրամովայի ընտանիքը Բաքվից եկած փախստականների ընտանիք էր, և նրանք բնակվում էին Մեծ Այրումում: