Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց այն երիտասարդի դատավարությունը, որը մեղադրվում է Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին ավտովթարի ենթարկելու մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին, երբ ոստիկանները խառնված էին Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուին սպանության գործով, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը հենց ոստիկանության շենքի դիմաց ավտովթարի էր ենթարկել քննիչին ու նրան անօգնական թողնելով` փախել էր: Գյումրու քաղաքապետի փեսայի սպանությունը քննող 58-ամյա քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ:
Արդեն երրորդ անգամն է` ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարան չի ներկայանում, ու դատը հետաձգվում է: Այսօր դատարանի դահլիճից զանգահարեցին փաստաբանին` Արա Սարդարյանին, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Դատավոր Էդուրադ Մանուկյանը նեղրսրտեց` ասելով. «Արդեն երրորդ դատական նիստն է, բայց փաստաբանին հարմար չէ ներկայանալը, մի քիչ սիրուն չէ, դատը անհարկի հետաձգվում է»: Այնուհետ դատավորը ամբաստանյալի հորից ճշտեց, թե խոսե՞լ է փաստաբանի հետ, վերջինս էլ տեղեկացրեց , որ երկու օր առաջ փաստաբանը նրան ասել է, որ մի քիչ վատառողջ է: «Երկու օր առաջ այդ նույն փաստաբանը այստեղ էր Արտաշես Սարգսյանի որդու խափանման միջոցը քննելիս»,- ասաց դատավորը: Ամբաստանյալ Ռաֆիկ Մուրադյանն էլ հայտարարեց, որ պատրաստ է իր փաստաբանին սպասել այնքան ժամանակ, մինչև որ նա «վերականգնվի»: Դատը հետաձգեցին մոտ մեկ ամսով: Նշենք, որ այս երիտասարդի դեմ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 242հոդվածի 2-րդ մասով, այն է` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, այն նախատեսում է հինգ տարվա ազատազրկում և 244 հոդվածով` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում թողնելը:
Գյումրիում դեռ շարունակում են կարծել, թե այս քննիչին ավտովթարի ենթարկելը կապված է Գյումրու քաղաքապետի փեսացուի սպանության գործի հետ: Այսօր Aravot.am-ը Վահրամ Բեյբությանի իրավահաջորդից` նրա եղբորից հետաքրքրվեց, թե ի՞նքն է լ այդ կարծիքին, ինչին ի պատասխան վերջինս ոտքի վրա փոխանցեց, որ անկախ դիտավորյալ լինել-չլինելուց` վերջիվերջո մարդ է սպանվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև