Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ի սոխակներին» Արամ Մանուկյանը չի պատասխանում (Տեսանյութ)

Հուլիս 02,2012 18:00

Aravot.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ զրույցում խնդրեց մեկնաբանել ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն դիտարկումը, թե ՀԱԿ-ը սիրաշահում է ԲՀԿ-ին՝ նրա կապիտալը՝ ընտրազանգվածը օգտագործելու համար: Այս կապակցությամբ Ա. Մանուկյանն ասաց.  «Խորհրդարանում երեք հոգի կան, երեք սոխակները, որոնց ես չեմ պատասխանում: Նրանցից մեկը Խոսրով Հարությունյանն է, մյուս երկուսը` Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը»:

Մեր դիտարկմանը, թե նման տպավորություն ոչ միայն Խ. Հարությունյանն ունի, ՀԱԿ խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց. « Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հարկավոր է ուշադիր և մանրամասնորեն կարդալ եւ տեսնել, որ դա զուտ ակտուալ, քաղաքական, Հայաստանի իրավիճակին սազական քաղաքական ելույթ է: Հենց այս ուղղությամբ էլ ՀՀ քաղաքական դաշտն աշխատում է: Ցանկացած ուժ, քաղաքական միավոր, որ այսօր կգործի մեզ նման, կքվեարկի այս իշխանություններին , այս կիսաընտրված, կիսահանցագործ իշխանություններին դեմ, մենք նրա հետ այդ դաշտում այդ փուլում կհամագործակցենք: Այսօր այդ դաշտում են ԲՀԿ-ն Դաշնակցությունը, «Ժառանգությունը»: Մենք կփորձենք ընդարձակել, այս ուժը շատացնել, քանի որ միայն այդ դեպքում է, որ կարող ենք այս իշխանություններին զգոնացնել,  բերել արդարության դաշտ, որ հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ, որը ամենևին էլ մեկ քաղաքական ուժին մյուսին չի կապում»: Քաղաքական ուժին օգտագործելու «մասով» էլ Ա. Մանուկյանը նշեց. «Օգտագործելու խնդիր չէ, շահերի համընկնման խնդիր է: Քաղաքականությունը հնարավորի  արվեստ է: Եթե հնարավորինս շատ մարդիկ քվեարկում են քեզ նման , ուրեմն դու հաջողության ես հասնում: Իսկ դիվանագիտության ոսկե կանոնն է այն, որ դու ուժեղ ես այնքան, որքան բարեկամներ ունես և թույլ ես այնքան, որքան շատ թշնամիներ ունես: Շատ կողմնակիցներ ունեցող քաղաքական ուժը խելոք քաղաքական ուժ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031