Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյանի աշխատանքային գրքույկը Ստրասբուրգում չէ

Հուլիս 02,2012 17:48

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցի նախնական քննությունն` ընդդեմ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի:

Կողմերը, մինչ դատաքննությունը կհամարվի սկսված, պետք է ներկայացնեին լրացուցիչ ապացույցներ, մասնավորապես, հայցվոր ռեկտորի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, նաեւ այն փաստաթղթերը, որոնք կապված են ռեկտորի «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիայի» փորձագետների կոմիտեի փորձագետի գործունեությունը վիճարկելու հետ:

Պատասխանող կողմն էլ պիտի բերեր այն հիմնավորումները, համաձայն որի` նախարար Արմեն Աշոտյանն իրավունք ուներ անկախ փորձագետին, որը նաեւ ԲՈՒՀ-երից մեկի ռեկտոր է, ազատել աշխատանքից:

Սուրեն Զոլյանը դատարանին տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ Ստրասբուրգում վերջին նիստի ժամանակ, որին չի մասնակցել ինքը՝ Հայաստանի ներկայացուցիչը, արձանագրվել է, որ «տվյալ դեպքում Հայաստանի կառավարության անդամը անտեղի միջամտել է փորձագետի գործունեությանը»:

Նաեւ արձանագրվել է, որ այդպիսի խոչընդոտումը «երբեմն քաղաքական տեսանկյունից անընդունելի է», ավելին՝ «քաղաքական ճնշումն անթույլատրելի է»:

Պատասխանող կողմը՝ ԿԳՆ ներկայացուցիչ իրավաբանները, փորձում էին դատարանին ապացուցել, որ քանի որ Ս.Զոլյանը ռեկտոր է, նա պարտավոր էր ռեկտորի գործունեության եւ կամ բացակայության մասին հայտնել նախարարին: Դատավորն անգամ նկատեց, որ ԿԳՆ ներկայացուցիչները մտածում են հին սովետական մտածողությամբ եւ նորից հիշեցրեց, որ ռեկտորը ընտրվել է, իսկ կառավարությունը հանձնարարական է տվել նախարարին, որպեսզի հաստատի ընտրության արդյունքները:

Իսկ պատասխանողն էլ նկատեց, որ Զոլյանի աշխատանքային գրքույկը ստրասբուրգյան աշխատավայրում չէ:

Այն հարցին, թե ո՞ր դեպքում կարող էր ռեկտորը նշանակել իր փոխարեն որեւէ մեկին ժամանակավոր պաշտոնակատար, հետեւեց հետեւյալ ծիծաղելի երկխոսությունը, դատավորի եւ ԿԳՆ իրավաբանների մասնակցությամբ:

Դատավոր.

-Նշանակված մարդը, եթե մահանար, կարո՞ղ էր հրաման տար:

ԿԳՆ իրավաբան.

-Աստված մի արասցե, չէր կարա:

-Զոլյան, խնդրում եմ Ձեր վրա չվերցնեք, կալանավորված լինելու դեպքում կարո՞ղ էր հրաման տալ:

-Չէ:

-Իսկ Դուբայից գրություն գրե՞ր…

-Չէր կարա:Բացակայությունն այն է, որ նա բացակայել է Հայաստանից:

-Ժամանակավոր:

-Միեւնույն է՝ բացակայել է…

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 18-ին: Հայցվոր կողմը եւ պատասխանողը պիտի բերեն այն հրամանները, որոնք վերաբերում են ռեկտորին նախարարի կողմից տրված գործուղման հրամաններին: Չնայած դատավորը մտավախություն հայտնեց, թե քանի որ նախկին ռեկտորը գուցե ԲՈՒՀ մտնի եւ ասեն՝ ո՞վ ես, չթողնեն այնտեղից ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, հետեւաբար, նույնը պահանջեց պատասխանողից:

Հիշեցնենք, որ հայցվոր ռեկտորը պահանջում է, որպեսզի անվավեր ճանաչվեն նախարարի կարգապահական տույժր կիրառելու, աշխատանքից ազատելու հրամանները եւ իրեն վերականգնեն նախկին աշխատանքում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031