Այսօր հողին հանձնվեց 35-ամյա Վահե Ավետյանի աճյունը, ում ողբերգական մահը ցնցեց հասարակությանը եւ ծանր հուշեր արթնացրեց անպատժելիության մթնոլորտից ծնված այլ վայրագությունների ու զոհերի մասին, որոնց ցավալիորեն բազմիցս ականատես ենք եղել:
Խորապես ցավակցում ենք Ավետյանի ընտանիքին, ազգականներին, գործընկերներին եւ խստագույնս դատապարտում նրա մահվան պատճառ հանդիսացած դաժան ծեծի մասնակիցների հանցագործությունը, ինչպես նաեւ նրանց չարգելողների ու չզսպողների մեղսագործ անտարբերությունը: Թեեւ թերահավատությամբ` ակնկալում ենք, որ հանցանքն ամբողջությամբ բացահայտելու եւ մեղավորներին խստագույնս պատժելու մասին իրավապահ մարմինների հավաստիացումները կհաստատվեն արդյունքներով:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում մահվան ելքով հանցագործության համար մեծագույն բարոյական պատասխանատվությունը կրում է համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Ցանկանում ենք հավատալ, որ կատարվածի դատապարտման վերաբերյալ նրա խոսքերն անկեղծ են, եւ Հայրապետյանը խորհում է ԱԺ պատգամավորի մանդատից բխող բարոյական պատասխանատվության եւ կատարվածից հետո մանդատից հրաժարվելու բարոյական հարկադրանքի մասին:
Միեւնույն ժամանակ` կատարվածի պատճառ համարելով Հանրապետությունում չփարատվող անպատժելիության մթնոլորտը, երկրի նախագահից պահանջում ենք կատարվածի դատապարտման խոսք եւ իրավիճակի բեկման քայլեր:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության վարչություն