Այսօր տեղի ունեցավ հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժանաբար ծեծից հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությունը: Վահեի հարազատներին ցավակցելու էին եկել ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ պատգամավորներ եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ: ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ պետք է արվի, որ նման երեւույթներն այլեւս չկրկնվեն մեր հասարակության մեջ. «Մենք բոլորս պետք է միասին լինենք եւ չնայենք իշխանություն է, ընդդիմություն, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Սա այնպիսի աղաղակող դեպք է, որ պետք է բոլորս մեր բողոքի ձայնը բարձրացնենք»: Տիկին Զոհրաբյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչքանով է կատարվածի համար մեղավոր ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը. «Ես չէի ցանկանա որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, չեմ կարծում, որ նման հրահանգ է եղել»: Նա ասաց, որ իրեն այլ հարց է մտահոգում՝ ինչպես հայ մարդը կարող է դառնալ գազան ու մարդու կյանք խլի ոչ մի բանի համար ու հավելեց, որ խնդիրը լուծվելու է օրենքի շրջանակներում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ