Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսելով Սիրանուշ Գասպարյանի հյութեղ սոպրանոն, բղավեցի՝ էվրիկա»

Հուլիս 02,2012 16:48

ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը՝ նոր նախագծի մասին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը «Առավոտին»  հայտնեց, որ այսօր հայաստանյան օպերային կյանքում իրադարձություն է. առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչելու է Պուչինիի «Տուրանդոտ» օպերան (համերգային կատարում): Ռեպլիկին, թե՝ վերջապես կատարվեց իր երազանքը, մեր զրուցակիցն ասաց. «Վերջապես գտա «Տուրանդոտին», լսելով Սիրանուշ Գասպարյանի (նկարում՝ աջից) հյութեղ սոպրանոն, բղավեցի՝ էվրիկա՛…, քանի որ այս դերերգը իսկապես «դժոխային» բարդ է սոպրանոյի համար, ընդհուպ այն աստիճան, որ կատարողը կարող է ձայնը պարզապես կորցնել»:

«Առավոտը» 2009թ. անդրադարձել է երգչուհու արվեստին: Հիշեցնենք, որ նա ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆեսոր Ելենա Վարդանյանի դասարան) եւ իրավունք է ստացել Զալցբուրգում ժամանակ առ ժամանակ մասնակցել վարպետության դասերի՝ անվանի մանկավարժ Գրեյս Բամբրիի ղեկավարությամբ:

Թոփչյանը ներկայացնելով «Տուրանդոտում» ներգրավված մյուս մեներգիչներին՝ Իրինա Զաքյան, Սարգիս Թորոսյան, Ռիչարդ Մադլենյան, Գուրգեն Բավեյան, Սարգիս Աղամալյան, Պերճ Քարազյան եւ Հովսեփ Նշանյան, ասաց, որ նրանք ճանաչված անուններ են մեզանում: Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց օպերայի համերգային կատարմանը մասնակից Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին (խմբավար՝ Հարություն Օդաբաշյան) եւ «Սպեղանի» մանկական երգչախմբին (խմբավար՝ Մարինա Ավթանդիլյան):

Առաջին անգամ հայ դասական երաժշտության երկրպագուները կհանդիպեն նաեւ հարավկորեացի ճանաչված տենոր Էնրիկո Լիին, ով ցանկալի հյուր է ճանաչված օպերային թատրոններում, այդ թվում՝ «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն» եւ այլն:

Համաշխարհային օպերային գրականության մի շարք նմուշների համերգային կատարում եւ բեմադրություն իրականացրած դիրիժորը, մեր այն դիտարկմանը, թե օպերային արվեստի հերթական այս անդրադարձը դարձյալ խոսակցությունների առիթ կտա, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը ինչ-որ մեկին վերջնականապես ապացուցելու բան ունի, պատասխանեց. «Ֆիլհարմոնիկ նվագախումբը ընդհանրապես համերգաշրջանի ընթացքում հանդես է գալիս շուրջ 45 տարբեր ծրագրերով, ինչպես հայտնի է՝ մեր մասնակցությունն ենք ունենում դպրոցականի ֆիլհարմոնիայի համերգներին ու արտագնա ելույթներ ունենում բուհերում: Այս ամենին պետք է գումարեմ աշնանը անցկացվելիք դասական երաժշտության երեւանյան միջազգային փառատոնը: Վստահ եմ, որ իսկական դասական երաժշտության սիրահարը երջանիկ է, որ ոչ միայն CD-ներով կամ արտերկրյա TV-ներով իր տանը պետք է ունկնդիրը լինի այս անգամ Պուչինիի հռչակավոր օպերային: Ինչ վերաբերում է ասեկոսեներին, դրանք մեր իրականությունում սովորական են եւ դրանցով զբաղվողներն էլ այդպես վարվում են՝ անկարողությունից ելնելով…»:

Հետաքրքրությանը՝ հնարավոր չէ՞ր փոքր-ինչ ձգձգել «Տուրանդոտի» բեմելը եւ այն ներկայացնելով բեմադրությամբ, քանի որ այլ է, երբ ներկա ես լինում համերգային կատարմանը, մեկ ուրիշ բան՝ երբ դիտում ես օպերան: «Լավագույն նվագախմբերը, այդ թվում՝ Վիեննայի, Նյու Յորքի, Լոնդոնի եւ այլն, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս նաեւ օպերաների համերգային կատարումներով: Եթե ուշադրություն դարձնեք հրատարակված ցանկացած օպերայի CD-ի, ապա կնկատեք, որ մեծամասամբ ձայնագրությանը մասնակցել են ոչ թե օպերային թատրոնների նվագախմբեր, այլ՝ սիմֆոնիկ եւ ֆիլհարմոնիկ: Օրինակ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկը տարեկան մասնակից է դառնում 7-8 օպերաների համերգային կատարումների: Վերջին հաշվով՝ ցանկացած օպերայի մատուցման գործում գլխավոր է նաեւ նվագախմբի դերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Էդուարդ Թոփչյանը հավելեց, որ տարիներ շարունակ ինքը երազել է տեսնել հենց «Տուրանդոտի» բեմադրությունը Հանրապետության հրապարակում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031