Մենք` տղաներս, լինելով ավելի համարձակ, աղջկա հանդեպ ունեցած զգացմունքներն առաջինն ենք արտահայտում, իսկ ըստ «ընդունված ավանդույթի» դրան էլ հաջորդում է ընկերություն անելու առաջարկը: Թեւ պատրաստվում ենք դրան, մտածում համոզիչ «ճառ», միեւնույնն է` աղջիկների առաջին պատասխանը` բացասական է լինում:
Իսկ ինչու՞ է այդպես: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում` աղջիկների ու կանանց քայլերի մեջ տրամաբանություն մի՜ փնտրիր, սակայն հոգեբան Արամ Գյուրջյանը թվարկում է եւս մի-քանի հիմնական պատճառներ, որոնցից մեկն էլ տղաների թուլությունն է. քանի որ մենք ավելի շատ ենք սիրում, աղջիկները «բնազդաբար» զգում են դա, եւ իրենց զուսպ ու մերժողական դիրքով ստանում հոգեբանական մեծ առավելություն: Բացի դա, ըստ հոգեբանի, աղջիկները վախենում են. «Նրանք վախենում են ինքնուրույն որոշում կայացնելուց ու դրա համար պատասխանատվություն կրելուց»:
Կա նաեւ մեկ այլ պատճառ` հասարակական դոգման, որը ստեղծում է կարծրատիպեր.«Կարող է բացասական կարծիք ստեղծվել երիտասարդների մոտ` հեշտ դրական պատասխան տվող աղջիկների նկատմամբ»,- ասում է Արամ Գյուրջյանը:
Այս ամենը վերաբերվում է միայն այն աղջիկներին, ովքեր թաքցնում են իրենց զգացմունքները եւ ժամանակ ձգձգում:
Ես էլ որոշեցի անցկացնել հարցում տղաների շրջանում` «Արդյոք նրանք կարծու՞մ են, որ երբ աղջիկը միանգամից դրական պատասխան է տալիս, ուրեմն ինքը, ինչպես ընդունված է ասել` «լավ աղջիկ չէ»: Պարզվում է` այո:
«Եթե ես մի աղջկա ասեմ՝ համաձա՞յն ես ընկերություն անենք, ու նա ինձ միանգամից ասի՝ «այո», մեջս կասկած կընկնի. Կարո՞ղ ա՝ մի մութ բան կա»,- ասում է 18-ամյա Վարդանը: Իսկ իմ հարցին` հնարավոր չէ՞, որ նա էլ քո հանդեպ անտարբեր չէ ու դրա համար է համաձայնվում, երիտասարդը տարակուսում է:
Ավելացնեմ նաեւ` Վարդանի նման էին մտածում հարցմանը մասնակցած երիտասարդ տղաների մեծ մասը:
Իսկ Նարինեն համաձայն է, որ աղջիկները պետք է տղայի առաջին առաջարկության դեպքում մերժեն. «Այդ ժամանակ պարզ է դառնում` տղան իրոք սիրու՞մ է, թե՞ ուղղակի ցանկություն էր: Եթե սիրի, նա ուշադրություն չի դարձնի պատասխանին ու կշարունակի պայքարել»:
Սակայն Նարինեին հակադարձում է Նինան: Վերջինիս կարծիքով, եթե աղջիկը, համոզված է, որ տղան սիրում է իրեն, իսկ ինքն էլ, գոնե, անտարբեր չէ տղայի նկատմամբ, պետք է տա իր համաձայնությունը. «Կան տղաներ, ովքեր «չեն ընկնում» աղջիկների հետեւից ու երբ բացասական պատասխան են ստանում, հետ են կանգնում իրենց մտքից»:
Ամեն դեպքում, հոգեբան Արամ Գյուրջյանը տղաներին խորհուրդ է տալիս` կողմնորոշվել, թե ինչ նպատակով են պայքարում. «Շատ հաճախ այդ պայքարը դառնում է սկզբունքի հարց: Դա իր մեջ թաքնված վտանգներ է պարունակում: Եթե տղան իր զգացմունքների մեջ մի փոքր տատանվում է, նա չպետք է պայքարի, մինչեւ չգիտակցի, որ դա հենց իր վերջնական ընտրությունն է: Այսինքն՝ գալիս ենք մեր ազգի պրոբլեմատիկ կետին` պետք է գիկատցված ընտրություն կատարել»:
Արամ Արարատյան