«Իմ գործընկեր Արամ Մանուկյանն ավելի օբյեկտիվ կլիներ, եթե ճիշտն ասեր»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ-ական ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հակադարձելով այսօր մամուլի ասուլիսում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հնչեցրած այն տեսակետին, թե փորձ են անելու Հանրապետական կուսակցությունից մարդիկ տանել ընդդիմադիր թեւ, այսինքն՝ կոալիցիայի հաշվին նաև ուժեղացնել ընդդիմությունը: Իսկ ճիշտն, ըստ Շարմազանովի, հետեւյալն է. «Նախ՝ այս տարիների ընթացքում ՀԱԿ-ը թող այնպես աներ, որ իր շարքերը չլքեին, այդ թվում նաեւ շատ կարկառուն գործիչներ, ապա նոր խոսեր ուրիշ քաղաքական ուժերից համալրում ստանալու մասին: Երկրորդը՝ պատգամավորներն իր չեն, որ քաշեն այս կամ այն կողմ: Եվ երրորդը՝ Արամ Մանուկյանը հիշել է 1990-ականները, երբ «Հանրապետություն» բլոկը շատերը լքեցին եւ այլ խմբակցություն ստեղծեցին եւ ասել է, որ նրանց տարան: Կարծում եմ՝ նրանց չտարան, նրանք գնացին, բայց որ ամենակարեւորն է՝ ի տարբերություն ՀՀՇ-ի, ՀՀԿ-ն պոստին քնած չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ