Այս պահին «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի հուղարկավորությունն է: Վահեի հարազատներին կարեկցելու համար հուղարկավորությանը մասնակցում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ այլք: Ուշագրավ է, որ հանրապետական պատգամավորները չեն գնացել Վահեի հուղարկավորությանը: «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ «աչքերով փնտրել եմ, ասել եմ` գոնե մեկին տեսնեմ, որ իրեն տարբերակեմ, բայց չեմ տեսել ոչ մի հանրապետականի: Սա շատ վատ ցուցանիշ է, բավական չի, որ մարդկայնորեն համարձակություն չունեն գալ, վստահ եմ, որ իրենց սիրտն էլ է ցավում, բայց մարդկայնորեն չեն կարող բարձրաձայնել, թե մեղքի աստիճանները դեպի ուր են տանում, այդքանից բացի, չեն կարող գալ եւ իրենց ցավակցությունը հրապարակավ հայտնել»: Մեր հարցին` եթե Ռուբեն Հայրապետյանը մասնակցեր հուղարկավորությանը, հարազատները դա չէին հանդուրժի ու միջադեպեր կլիներ` տիկին Բախշյանը պատասխանեց. «Հարազատները սկի բանի տեղ չէին դնի իրեն, չէին էլ նկատի, իրենց ցավն այնքան մեծ է: Ռուբենը հաստատ պիտի ունենար մտավախություններ, բայց մյուսները հո չունեի՞ն: Կարող էին գալ, 1-2 թթու խոսք լսել, բայց հիմնականում հետագա իրենց բարոյական նկարագիրը պահելու խնդիրը գոնե կլուծեին ու կասեին,որ մարդկայնորեն գնացել, ցավակցել ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ