Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի (www.tavush.gov.am) «Համայնքներ» բաժնում տեղեկություններ կան մարզի 62 համայնքների մասին: Նախկինում մի քանի անգամ տեղեկացրել ենք, որ այդ բաժինը լի է սխալներով, սակայն մեր հրապարակումներից հետո էլ սխալները մնում են: Այդտեղ Վրաստանին սահմանակից Դեղձավան համայնքին վերաբերող տեղեկատվությունը փոքր է՝ համակարգչային կես էջի չափ: Այդ կես էջում բազում են կոպիտ սխալները: Էջի սկզբում գյուղի բնակչության թիվը գրված է 286 (կողքին չի գրված՝ «մարդ» կամ «բնակիչ»): 14 տող ներքեւ գրված է. «Դեղձավանն ունի 339 բնակիչ: Գյուղում բնակվում են նաեւ փախստականներ»: Դրանից 7 տող ներքեւ էլ գրված է. «Բնակչության թիվը՝ 297 մարդ,85 ընտանիք»:
Նշված է, որ համայնքն ունի 250 (էջի մի այլ տեղ՝ 150) աշակերտական տեղով դպրոց, սակայն նույն տեղում գրված է, որ «գյուղի սովորող 80 երեխաներ հաճախում են հարեւան Պտղավան գյուղի դպրոցը, այստեղ չկան վարչական եւ սպասարկման ոլորտի օբյեկտներ»: Պարզ չէ, թե որտեղ չկան վարչական եւ սպասարկման ոլորտի օբյեկտներ՝ Դեղձավանո՞ւմ, թե՞ Պտղավանի դպրոցում: Կայքի տեղեկատվությունից հնարավոր չէր հասկանալ, թե Դեղձավանում դպրոցի առկայության պայմաններում տեղի 80 երեխաներ ինչո՞ւ են հաճախում հարեւան Պտղավան գյուղի դպրոց: Դեղձավանի դպրոցից տեղեկացա, որ գյուղի հիմնական (ութամյա) դպրոցն ունի 27 աշակերտ, իսկ ավագ դասարանների 5 աշակերտ հաճախում է Պտղավանի միջնակարգ դպրոց: Իրականում 2005 թվականից գործող Դեղձավանի դպրոցը ոչ թե 250 կամ 150, այլ 100 աշակերտական տեղ ունի: Նույն էջում նշված է, որ Դեղձավան համայնքն ունի համայնքային կենտրոն, մինչդեռ նման կենտրոն չկա, համայնքապետարանն ու գյուղի բուժկետը տեղավորված են նույն վագոն-տնակում: Տավուշի մարզպետարանի կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ, երեւի այդ գործակալությունը տեղյակ չէ, թե ինչ կոպիտ սխալներ կան իր միջոցներով ստեղծված կայքում: ՀՀ տարածքային կառավարման նախարարությո՞ւնն էլ դրանից տեղյակ չէ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ