Ճանաչված հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում դատապարտեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված սպանդը եւ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառները յուրովի մեկնաբանեց.«Դա իրավիճակից բխած, իրավիճակին հարազատ երեւույթ եմ ընկալում, պայմանավորված այն հանգամանքով, որ մենք չունենք ազգային հասարակություն, այսինքն՝ ունենք հասարակություն, որը դավաճանել է իր արմատին… Նման հասարակության մեջ ամեն տեսակ այլանդակություններ կարող են տեղի ունենալ, ուղղակի սա դրսեւորումներից մեկն է»,- համոզված է Կարապետյանը: Նրա ասելով, պայման չէ, որ մեր ազգից անպայման մարդ նահատակվի կամ խոշտանգվի. «Մենք արդեն նահատակել ենք մեր մայրենին քաղաքամայր Երեւանում, եւ «Հարսնաքարի» ու մյուս դեպքերը ընդհանուր ազգային հասարակության չգոյության դրսեւորումներն են»:
Հուշարձանագետի ձեւակերպմամբ՝ որպեսզի նման վայրագությունները չշարունակվեն, պիտի մանկապարտեզից սկսենք ազգայինի հանդեպ հարգանքը. «Թե չէ այնքան օտարապաշտ ենք դարձել, որ ամեն այլանդակության ընդառաջ ենք գնում»:
Սամվել Կարապետյանը կուսակցությունների միջեւ էական տարբերություն չի դնում, բայց գտնում է, որ եթե Ռուբեն Հայրապետյանին որպես անդամ ունեցող ՀՀԿ-ն որդեգրել է «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, ուրեմն պիտի հավատարիմ լինի դրան: Ինչ վերաբերում է նրան, որ կուսակցությունը նժդեհյան գաղափարախոսության կրողն է համարում իրեն, ապա, գիտնականի համոզմամբ, պիտի իմանա, որ «նժդեհյան զինվորները հավատարիմ էին ազգայինին, ասպետ էին, ազնիվ, դրա համար էլ անպարտելի էին» :
Կարդացեք նաև
Հուշարձանագետը զուգահեռ անցկացրեց հայկական եւ իտալական իրականությունների միջեւ. ժամանակին Աֆղանստանում զոհված իտալացի զինվորի հիշատակը հարգելու համար իտալացի ֆուտբոլիստները սեւ ժապավեններով են դուրս եկել խաղադաշտ, իսկ մենք ինչքա՜ն ենք փչացել, որ մեր ձեռքով ոչ միայն մեր զինվորին ենք սպանում, այլեւ նրա սպանության վայրում հարսանիք անում: Ինչ վերաբերում է թիկնապահներով շրջելուն, բանախոսը դա համարում է ժողովրդականություն չվայելողների մենաշնորհը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ