Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հանդիպեց ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանում աշխատանքային պրակտիկա անցնող ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Գերմանիայից և Անգլիայից ժամանած 28 ուսանողի հետ:
Նախարարը, ողջունելով երիտասարդներին, կոչ արեց հաճախ լինել Հայրենիքում, ինչը մեծապես կնպաստի ինչպես Հայրենիքն իրական գույներով ճանաչելուն, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում մայրենիի պահպանմանը և ուծացման դեմ պայքարին: Նա շեշտեց, որ «Հայրենիք-Սփյուռք կապը պետք է երկկողմանի լինի», իսկ դրա համար պետք է «ճանաչել, վստահել և գործակցել»:
Հ.Հակոբյանն ուսանողներին հորդորեց Հայաստանի հզորացման, Արցախյան հիմնախնդրի արդարացի և վերջնական լուծման, Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման, հայապահպանության և հայ եկեղեցու շուրջ հայերի համախմբման` հայի և Հայրենիքի համար կենսական հարցերում, լինել «միասնական, մի բռունցք դարձած, որպեսզի ոչ ոք չկարողանա կոտրել հայի միասնականությունը»:
Հ.Հակոբյանը կոչ արեց երիտասարդներին լինել իրենց ծննդավայր հանդիսացող երկրի «արժանավոր քաղաքացիներ, բարձրանալ քաղաքական սանդուղքներով, լինել լավ տնտեսագետ, արվեստագետ, գիտանական, քաղաքական գործիչ, սակայն երբեք չմոռանալ հայկական ծագումը, չմոռանալ հայ արմատները»:
Հանդիպման ավարտին Հ.Հակոբյանը պատասխանեց ներկաների հարցերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ