Հուլիսի 1-ին NPR-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ՌԴ արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովի հետ հունիսի 29-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որին Արեւմուտքը կոչ է անում հրաժարական տալ:
«Կարծում եմ, որ նրանք (ռուսական իշխանությունները) արդեն պատրաստ են ճնշում գործադրել (Բաշար Ասադի վրա): Ինձ ասացին այդ մասին, հասկացնել տալով, որ իրենք չունեն ռազմավարական այնպիսի հետաքրքրություններ, հանուն որոնց անհրաժեշտ է պահպանել Ասադին՝ իշխանության ղեկին»,-ասել է Քլինթոնը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը նույնպես ձգտում է Սիրիայում իշխանափոխությանը: Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հիմա բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ն եւ Չինաստանը, անհանգստացած են այդ երկրում բռնությունների տարածմամբ:
Հունիսի 30-ին Ժնեւում կայացավ Սիրիայի իրավիճակին նվիրված միջազգային համաժողով, որի արդյունքում բանաձեւ ընդունվեց: ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանը այդ համաժողովի ժամանակ առաջարկեց հակամարտության լուծման նոր ծրագիր, համաձայն որի՝ Սիրիայում պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որի մեջ կմտնեն ինչպես Ասադի կառավարության, այնպես էլ ընդդիմության անդամներ: Ժամանակավոր կառավարության անդամների թեկնածուների ընտրությանը պետք է հավանություն տան Սիրայի քաղաքացիները:
Այդ ծրագրի տեքստում չկա Ասադի պաշտոնաթողության մասին հստակ պահանջ: Դա թույլ կտա կողմերին երկակիորեն մեկնաբանել այդ ծրագիրը: Մի կողմից՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը եւ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը հայտարարում են, որ Ասադի հրաժարականը միանշանակորեն ենթադրվում է, մյուս կողմից նրանց ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը բացատրում է, որ այդ ծրագիրը չի պարտադրում նախագահի անհապաղ հրաժարականըԼ
Քոֆի Անանի առաջարկած ծրագիրը սիրիական ընդդիմությունն արդեն հասցրել է մերժել: Նրանք հրաժարվում են Ասադի կողմնակիցների հետ միասին կառավարություն ձեւավորել:
Ըստ Lenta.ru-ի