Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարներ. «Նեմեց»` վայր դիր պատգամավորական մանդատդ (Տեսանյութ)

Հուլիս 01,2012 18:06

Հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված   բողոքի ակցիան ավարտվեց Կառավարության շենքի դիմաց:  «Ներքին թշնամու վերջը եկել է», «Հայաստանն առանց օլիգարխների», «Պատժել օլիգարխին եւ նրա թիկնապահներին», «Չեք մարսելու» կարգախոսներով եւ վանկարկություններով երթը սկսվեց նախագահական նստավայրի մոտ եւ շարունակվեց ԱԺ շենքի դիմաց, որտեղ ցուցարարները պահանջեցին պատժել Վահե Ավետյանի մահվան իրական մեղավորին. «Դա «Նեմեցն» է` Ռուբեն Հայրապետյանը»:

Օլիգարխների վերջը եկել է, մեզանից յուրաքանչյուրը Վահե Ավետյան է»,-ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը`ցուցարարներին հորդորելով  կոնտակտի մեջ չմտնել ոստիկանների հետ: ԱԺ-ն անվանելով տխրահռչակ կառույց` երթի մասնակիցները պահանջեցին Ռուբեն Հայրապետյանին զրկել պատգամավորական մանդատից. «Վահեի հետ կապված դեպքը չէր լինի, եթե մարտի 20-ին Հանրապետական կուսակցությունն իր հանցագործ կազմով չորոշեր, որ «Նեմեցը» պետք է առաջադրվի որպես պատգամավոր: Ցավոք, մեր երկրի կարեւոր ինստիտուտներն իրենց պատմության ընթացքում տխուր հիշողություններով  են պատվել»,-հավելեց Դավիթ Սանասարյանը:

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն ասաց. «Հասնելու ենք նրան, որ Հանրապետական կուսակցությունը եւ նրա պարագլուխը պատասխան տան Հայաստանում բռնության մշակույթ տարածելու համար»:

Հաջորդիվ բողոքի ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր Դատախազություն` այն որակելով որպես հանցավոր կառույց. «Նաեւ այս կառույցն է երկրում տեղի ունեցող անարդարությունների պատճառը: Մենք մինչ օրս չունենք օրինապաշտ ղեկավարներ, բայց երբ համբերությունը սպառվում է,  քաղաքացիները բռնում են ինքնադատաստանի ճանապարհը»:

Ալ. Մյասնիկյանի հուշարձանից շարժվելով Կառավարության շենք` ցուցարարները ՀՀ-ում Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանություններին հորդորեցին վիզա չտալ Ռուբեն Հայրապետյանին, ինչպես վերջերս չի տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Բողոքի ակցիան ավարտվեց Կառավարության շենքի դիմաց` «Սերժի տղա», «Սերժիկ-մարդասպան», «ամոթ» վանկարկություններով: 

Երեկոյան ցուցարարներն այցելելու են Վահե Ավետյանի ընտանիքին`հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Aravot.am-ի հետ զրույցում ցույցի մասնակից, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը հույս հայտնեց, որ հասարակությունը երկիրն օրինական ճանապարհով տանելու կտրուկ եւ արմատական պահանջներ կդնի իշխանություների առաջ. «Հերիք եղավ, այս անպատժելիության մթնոլորտը շարունակվում է արդեն 20 տարի: Դրան վերջ պետք է տալ, քանի դեռ չի սկսվել քաղաքացիական անհնազանդության ալիքը: Իշխանությունները կամ պետք է ձեռքերը վեր բարձրացնեն եւ ասեն` «ներողություն, ժողովուրդ, մենք գնում ենք», կամ էլ վերանայեն իրենց վարքագիծը: Կարծում էի, որ իշխանավորներն առաջինը կցավակցեին եւ գնահատական կտային օլիգարխի թիկնապահների գործունեությանը, բայց փոխարենը լռում են: Ես հավատում եմ, որ իրենք ցավում են, բայց գործին  իրավական գնահատական չտվեցին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031