Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակում են ակտիվ լինել ու կիսվել իրենց մտքերով. շաբաթվա վերջում ստացած լուրից հետո՝ ֆեյսբուքը ողողվեց տխուր գրառումներով:
Հունիսի 29-ին, ժամը 19-ի սահմաններում մահացել է ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանը, ում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծել էին ռեստորանի թիկնազորի աշխատակիցները: Վահեի մահը սգում էին նաև ֆեյսբուքում. «Ցավում եմ. Աստված թող տա դրանց բոլորի արժանի պատիժը, էնպիսին, որ ամբողջ կյանքում ապրեն ցավը սրտում», «Մարդուն պիտի տաս էն ցավը, որը ինքն ա ուրիշին տվել, որ իր մաշկի վրա զգա, մենակ էդ դեպքում են հասկանում. ոչինչ, դրանց բոլորի քթից կգա, որովհետև կյանքը բումերանգա, ինչ տալիս ես կրկնապատկված քեզա վերադառնում, այնպես որ սպասենք ու կտեսնենք…»:
Ֆեյսբուքում բացվել էր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խումբը, որը համակարգողների նախաձեռնությամբ հունիսի 30-ին կազմակերպվել էր մոմավառություն «Հարսնաքարի» դիմաց՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Այս նախաձեռնությանը քննադատորեն մոտեցող ֆեյսբուքյան օգտատերեր նույնպես եղան. «Չի կարելի մոմեր վառել այլասերուածութեան որջի մոտ, դրա համար կան ԵՌԱԲԼՈՒՐԸ, ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ- պետք չի հատարել Գապոն քահանայի քայլերը», – գրել է Վահրամ Թաթիկյանը: Ֆեյսբուքյան նույն խմբում երեկ հայտնվել էր նաև մի գրառում՝ Վահե Ավետյանի անունից. «Ես Վահե Ավետյանն եմ… ես
ապրում եմ..Ես ամեն օր նորից գնալու եմ, աշխատանքի ու ողջունելու եմ գործընկերներիս և հիվանդներիս, ես բուժելու եմ նրանց: Ես ապրում եմ ու ես ամեն օր իմ երեխաներին տանելու եմ մանկապարտեզ, ու դպրոց , ես դեռ պարելու եմ նրանց հարսանիքին: Ինձ ամեն օր տեսնելու եք Երևանի փողոցներում: Ես ապրում եմ, որովհետև ես կամ ձեր սրտերում, իսկ ում սրտերում չկամ, Աստված թող ների նրանց. Ես նրանց համար էլ եմ ապրում: Ու ես ապրելու եմ քանի դեռ իմ փայփայած հայրենիքում բռնություն կա, ու ոչ միայն ապրելու եմ , այլև պայքարելու եմ, քանզի իմ բալիկների համար ուրիշ Հայաստան եմ ուզում: Ես տեսնելու եմ այդ Հայաստանը: Ես ապրում եմ … Տեսե՛ք, ես, ժպտում եմ…»: Գրառման հեղինակը Գարիկ Չիլինգարյանն է: Մեկնաբանություններից ու գրառումներից բացի, ֆեյսբուքյան օգտատերերի զգալի մասը իր գլխավոր նկարը փոխարինել էր Վահե Ավետյանի նկարով, սա նույնպես ոմանց դուր չէր եկել. «Ուղղակի խնդրանք ֆեյսբուքյան ակտիվիստներին, որոնք ցավալի թեման օգտագործում են այլ, նաև անձնական խնդիրների շահարկման համար, հանեք ձեր էջերից Վահեի նկարը, հարգեք նրա հիշատակը, մի պատրաստեք ցավը ավելի խորացնող մեկնաբանություններով լուսանկարներ… Մեզ մնում է աղոթել Վահեի հոգու խաղաղության համար…Կատարվածը որևէ արդարացում չունի…», – գրել է ֆեյսբուքյան օգտատեր Մոդերատոր Մոդերան:
Վահեի մահը սգում են նաև Լոս Անջելեսում, որտեղ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Վահե Ավետյանին ծեծելով սպանելու դեմ, այս մասին գրել էր news.am-ը:
Տիգրանուհի Թասլակյան