Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ փոխգնդապետը հարուստ զինամթերքով փորձել է պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը

Հուլիս 01,2012 10:53

Այսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։

Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հարսնաքար» են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշատակիցները՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ։

Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Դեպքի վայրում եղել է նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հենրիկ Ներսիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Զիված ուժերի ականազերծման կենտրոնի պետ գնդապետ Զալունցը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության աշխատակիցները՝ պետի տեղակալ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գարիկ Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև պարամեդիկների խումբը, հրշեջ–փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և Երևանի փրկարար վարչության Ավանի բաժնի խումբը։ Տեղում էր նաև 1-03 ծառայության բրիգադը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ պայուսակում հայտնաբերել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։ Այդ ամենը ավագ քննիչի որոշմամբ առգրավվել է։

Փաստի առթիվ ՈՔԳՎ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանն է։

Նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։

Վարդան Սամվելյանը ռեստորանային համալիր մուտք է գործել զինվորական համազգեստով և բանակցությունների ողջ ընթացքում սպառնացել է, որ կպայթեցնի ռեստորանային համալիրը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 30–ի երեկոյան նշված ռեստորանի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեցին մի քանի հարյուր քաղաքացիներ։ Մոմավառության ակցիան ավելի ուշ վերածվեց բողոքի ակցիայի, քանի որ մոմավառությանը զուգահեռ ռեստորանային համալիրի ներսում հարսանեկան արարողություն էր ընթանում։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:

 Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031