Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանի դիմաց ավարտվեց մոմավառության ցույցը՝ նվիրված բժիշկ Վահե Ավետյանի մահվան հիշատակին: Մի քանի հարյուրի հասնող քաղաքացիներին ոստիկանները սկզբում չէին թողնում ռեստորանի տարածք մտնել, բայց հավաքվածների պահանջներին՝ մոմերը վառել ու թողնել այն վայրում, որտեղ ռեստորանի անվտանգության աշխատակիցները ծեծելով սպանել են Վահեին, ոստիկանները թույլատրեցին:
Ռեստորանում այսօր հարսանիք էր՝ առանց երգ ու պարի: Հարսանքավորներին տեսնելով՝ ցուցարարները բորբոքվեցին ու սկսեցին ամոթանք տալ, հետո պահանջեցին դադարեցնել հարսանիքն ու հեռանալ: Հավաքվածներին լռելու ու հեռանալու պահանջով բանակցություններ սկսեցին վարել փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եւ ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը, բայց ցուցարարներն ավելի բորբոքվեցին ու սկսեցին գոռալ «օլիգարխի ոստիկան» :
Մոմավառության ցույցի մասնակիցների հետ վիճելու եկան երկու երիտասարդ: Հավաքվածների պնդմամբ, նրանք հարսանիքի մասնակիցներ էին:
Ոստիկանները հավաքվածներին ցրելու շուրջ երկար բանակցելուց հետո արդյունքի չհասնելով, հոսանքազրկեցին ռեստորանի ներսի եւ դրսի հատվածը ու տասնյակ կարմիր բերետավորներ ռեստորանից դուրս գալով՝ սկսեցին դռների մոտ հավաքված ցուցարարներին հրել ու պահանջել հեռանալ:
Կարդացեք նաև
Տարածքում հոսանքը այդպես էլ չվերականգնվեց, մինչեւ ցուցարարները որոշեցին հեռանալ եւ ցույցը շարունակել վաղը նախագահական նստավայրի առաջ:
Երթին այսօր մասնակցում էին նաեւ ՀՅԴ գործիչներ ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Պետք է կարողանանք հասկացնել իշխանություններին, որ ձեզնից բացի էլի մարդիկ են այս երկրում ապրում ու այս երկիրն իրենցն էլ է»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ