Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը տեւելու է 7 տասնամյակ: Այդ մասին Վանաձորի «խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակում մեկնարկած «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի կազմակերպած «Բնապահպանական հանրային լրագրություն» 4-րդ դասընթաց-ճամբարի շրջանակներում բնապահպանական խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ տեղեկացրեց «Վալլեքս գրուպ» ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը:
Ավագյանի խոսքերով 70 տարվա ընթացքում հատվելու է 357 հեկտար անտառ, եւ միեւնույն ժամանակահատվածում էլ վերականգնվելու է 714-ը:
Չնայած ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել 714 հեկտար տարածքներում ոչ միայն ծառատունկ իրականացնել, այլեւ տնկված ծառերի նկատմամբ խնամքի իրականացում ապահովել, այնուամենայնիվ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը պնդում է, որ եթե հանքը շահագործվի՝ Թեղուտում հնարավոր չի լինի անտառը վերականգնել:
«Ծառատունկը անտառվերականգնում չէ: Հանքի շահագործմամբ այդ տարածքում վերանալու է ողջ էկոհամակարգը, ինչպես կարող է այդտեղ անտառ վերականգնվել»:
Կարդացեք նաև
Նրա դիտարկմամբ, եթե Թեղուտի հանքի շահագործման` կառավարության 2007 թվականի որոշումը չի փոփոխվել, ապա ինչպե՞ս անընդհատ շրջանառվող 25 տարին 70 դարձավ:
Պաշտոնական տվյալներով, ՀՀ Կառավարությունը Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող գյուղերի մոտ հայտնաբերված պղնձի եւ մոլիբդենի պաշարները արդյունահանելու համար 25 տարվա շահագործման արտոնագիր էր շնորհել «Վալլեքս գրուպ» ընկերությանը:
«Այս 70 տարվա ծրագիրը չենք տեսել ոչ Վալլեքսի կայքում, ոչ էլ տեղյակ ենք` նախարարությունը այդ ծրագրի համար հասարակական լսումներ անցկացրե՞լ է , թե՞ ոչ»,-ասում է Զարաֆյանը:
«Վալլեքս գրուպի» ներկայացուցիչը, հակադարձելով բնապահպանին, բացատրում է, որ նախագիծը փուլերից է բաղկացած, եւ իրենց կայքում դրված են ընդամենն այդ փուլերից մի քանիսին վերաբերող աշխատանքների մասին տվյալներ:
“Այդ աշխատանքային առաջին փուլերը միայն հանքավայրի պաշարների 160 միլիոն տոննայի համար են, մինչդեռ մեր նախագծով ամբողջ հանքաքարը`456 միլիոն տոննան պիտի արդյունահանվի, եւ 357 հեկտար անտառի հատումը հասնում է վերջնաժամկետին, երբ շահագործվում է 456 միլիոն տոննա հանքաքար: Նախագծում գրված չէ, որ 160 միլիոն տոննա հանքաքարի շահագործմամբ առաջանալու է 357 հեկտար անտառահատում»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ