Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահը սոսկալի հարված էր բոլորիս համար: Այն մի ազդակ էր, որն եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանում պաշտպանված չէ ամենակարևորագույն իրավունքներից մեկը՝ մարդու կյանքի իրավունքը:
Նմանօրինակ դեպքերը ստվերում են ՀՀ Սահմանադրությունը, որտեղ մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունը հռչակել ենք որպես իրավական պետություն: ՀՀ քաղաքացու և զինված ուժերի սպայի նկատմամբ իրականացված դաժան ծեծն ու դրա հետևանքով վրա հասած մահը հուսահատության ու անպաշտպանության մթնոլորտ է ստեղծել ՀՀ քաղաքացիների շրջանում, էլ ավելի սրել անվստահությունը սեփական երկրում ապագա տեսնելու հեռանկարի նկատմամբ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին:
Մենք խստորեն դատապարտում ենք հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքը՝ պահանջելով իշխանություններից դեպքի արդարացի քննություն և իրական մեղավորների բացահայտում, այլապես ավելորդ է խոսել ՀՀ-ում մարդու իրավունքների գերակայության և դրանց պաշտպանվածության մասին: Այս դեպքը ողբերգական նախադեպ է և մենք պահանջում ենք ՀՀ իշխանություններից գործադրել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա կրկնությունը բացառելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն