Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շոուբիզնեսյան նորություններն այս շաբաթ

Հունիս 30,2012 18:48

Շոուբիզնեսը չի դադարում մեզ նորություններ մատուցել: Նոր երգեր, ասեկոսեներ, «աստղային» կարծիքներ և այլ նորություններ, «Առավոտ երիտասարդականն» էլ չի դադարում շաբաթվա կտրվածքով դրանք ներկայացնել իր ընթերցողներին:

Հայասա Փրոդաքշընի կողմից թողարկվել է առաջին KOHAR iPhone App-ը: Նրա օգնությամբ կարող ենք ստանալ «Գոհար» երաժշտախմբին վերաբերող բոլոր նորությունները, ներբեռնել պաշտոնական KOHAR iPhone App և լսել երգերն ու դիտել տեսանյութերը, ինչպես նաև՝ «Գոհարի» համերգների լուսանկարները:

Հունիսի 25-ը Լիլիթի (նախկինում՝ Լիլու) կյանքի կարևոր օրերից մեկն է եղել. երգչուհին մկրտվել է Սուրբ Սարգիս եկեղեցում` դառնալով Աստծո որդեգիրը: Երգչուհին Bravo.am-ին ասել է, որ մկրտության նպատակ վաղուց է ունեցել, սակայն պահը նոր է հասունացել. «Իմ կյանքում հայտնվեցին մարդիկ՝ Արթուրն ու Լուսինեն, որոնց որոշեցի ինձ կնքահայր ու կնքամայր ընտրել: Երկու տարի է` մտերմություն ենք անում, ծանոթացել ենք ակումբում, որտեղ ես աշխատում էի: Գարնանը միասին Արցախ էինք գնում, ճանապարհին Արթուրին ասացի` քավորս, նրանք էլ սկսեցին ինձ սանիկ անվանել, միշտ կատակում էինք… Իրական դարձավ» – գրել է Bravo.am-ը:

Վերջերս Լիլիթ Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվել էր քննադատների թիրախում: Քննարկման էր ենթարկվել երգչուհու կատարմամբ Կոմիտասի «Էս գիշեր» երգը, որը նա կատարել էր նաև Վրաստանի Բաթումի քաղաքում նախորդ տարի՝ Golden Talent 2011 միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ: Օրեր առաջ սոցիալական ցանցի իր էջում երգչուհին պատասխանել է իրեն ուղղված մեղադրանքներին, այս մասին գրել է asekose.am –ը: Ներկայացնում ենք գրառման մի մասը. «Անդրադառնալով բուն հարցին`ես չեմ պահանջելու, որ հանեն վիրավորական հոդվածները, չեմ պատասխանելու նման մարդկանց , քանի որ եթե նրանք ունեն նման բաներ գրելու անհագ ցանկություն, եթե դա նրանց բավականություն է պարգևում, եթե նրանք գեթ մի ակնթարթ երջանիկ են լինում, ես միայն ուրախ եմ նրանց համար ու ուզում եմ, որ Դուք էլ ներողամտորեն վերաբերվեք նրանց, որովհետև միայն այն դեպքում, երբ նրանք գրեն, գրեն ու գրեն, միգուցե հագենան ու սկսեն զբաղվել մեկ այլ գործով, որը և նրանց, և մարդկանց ավելի երջանիկ լինելու հնարավորություն կտա»:

«Սերժն ամաչում է, որ Քիմ Քարդաշյանը հայ է», – այս մասին գրել է Կարապետ Նուրիջանյանը blognews-ում, «Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել  Loudwire կայքին: Լրագրողի այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ-ում System of a down-ից հետո երկրորդ ամենահայտնի հայի` Քիմ Քարդաշյանի, մասին Թանկյանը ծիծաղել է եւ, պատասխանելով վերոնշյալ հարցին, ասել, որ իր լրագրող ընկերներից մեկը հարցրել է իրեն` արդյոք կբնութագրի ռեալիթի հեռուստատեսությունը որպես մշակութային հարակիրի. «Յուրաքանչյուրն էլ կարող է հեռուստատեսությունն անտանելի դարձնել, բայց միլիոնավոր մարդիկ են հարկավոր, այն հաջողելու համար: Այդ ի՞նչ կյանք ենք ապրում, որ նման շոուներն այդքան կարեւոր են դառնում մեզ համար ու մենք սկսում ենք անդադար հետեւել դրանց: Կարեւորն էլ հենց դա է, այլ ոչ թե շոուների «դերասանները»:

Հասմիկ Կարապետյանն ու ԴերՀովան շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն, որը նկարահանվել է «Անհնարը» երգի հիման վրա: Խոսքերի հեղինակը Հասմիկն է,  երաժշտության համահեղինակը ևս, իսկ  ԴերՀովա հանդես է եկել ոչ միայն որպես երգի  համահեղինակ, երաժշտական պրոդյուսեր եւ գործիքավորող, այլեւ երգիչ, այս մասին գրել է Bravo.am-ը:

Արդեն ամառային հանգստի են մեկնել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը: Նարինե Դովլաթյանն էլ մեկ ամսով Կանադա է մեկնել, այս մասին տեղեկացանք Bravo.am-ից:  Մեկնելուց առաջ երգչուհին պատմել  է ճամփորդության նպատակի մասին: Ըստ նախատեսվածի` նա ակումբային մի քանի համերգ կունենա. «Գործնական կարեւոր հանդիպումներ եմ ունենալու, որոնք կապված կլինեն հետագա կարիերայիս հետ: Ե՛ւ ուրախ եմ, ե՛ւ տխուր, բայց ավելի շատ ուրախ եմ», – ասել է երգչուհին:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930