Այսօր Գյումրու «Ստիլ» պատկերասրահում նոր ավագանու քաղաքացիական նախաձեռնության7-րդ ժողովի ընթացքում, գյումրեցի մտավորականներից մեկը` ճարտարապետ Աշոտ Միրզոյանը, մասնակիցներին տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ողջունում է այն մարդկանց, ովքեր առաջիկա ՏԻՄ ընտրություններում մտադրված են հանդես գալ ավագանու թեկնածուների թիմով: Հիշեցնենք, որ Գյումրիում ճանաչված մի շարք մասնագետներ` փաստաբաններ, ազգագրագետներ, տնտեսագետներ, ռեժիսոներ, ակտիվ հ/կ-ների ներկայացուցիչներ, մտահոգված Գյումրու ճակատագրով ու այլևս չհանդուրժելով ներկայիս ավագանու անգործությունը, որոշել են քաղաքը փրկել . թիմով առաջադրել իրենց թեկնածությունը: «Ես մեր նախաձեռնության շուրջ արձագանք եմ լսել քաղաքապետից` Վարդան Ղուկասյանից, որի մոտ էի 2 օր առաջ բոլորովին այլ հարցով`քննարկում էինք Նանսի քաղաքի կինոփառատոնի մուտքը Գյումրի ու համակարգողը ցանկություն հայտնեց տեսնել քաղաքապետին: Այդուհանդերձ քաղաքապետը ժամանակ գտավ ու ասաց`ուրախ է , որ նման գործընթաց ենք նախաձեռնել, նա նաև փոխանցեց, որ կուզենար ունենալ նման ավագանի և պատրաստ է սրտանց համագործակցելու», -ասաց պարոն Միրզոյանը: Ներկաներից մեկը, լսելով այս մասին, զարմացած հարցրեց. «Քաղաքապետը սրտանց ուրա՞խ է»: «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն էլ տեղեկացրեց, որ իրեն են մոտեցել Գյումրիի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ասել, որ ողջունում ու աղոթում են իրենց նախաձեռնությունը:Աղոթելուց բացի, պատրաստ են նաև իրենց քվեները տալ ավագանու այս թեկնածուներին: Ժողովի ժամանակ հաշվեցին նաև Գյումրու քաղաքապետի հնարավոր թեկնածուների թիվը:Պարզվում է , որ 6 հոգի հավակնում են այդ պաշտոնին.գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը, ԲՀԿ-ից երեք հականորդ կա. ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանը, Մարտուն Գրիգորյանը, նաև Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, իհարկե ԲՀԿ-ն կընտրի նրանցից մեկին, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը ևս նախապատրաստվում են առաջադրել իրենց թեկնածուներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ