Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գնում ես բանակ, ուրեմն սիրած էակ այստեղ պետք չի թողնել»

Հունիս 30,2012 18:16

 Դիանայի եւ Դավիթի  սիրային պատմությունը սկսվել է դպրոցական տարիներից. «Մեր սերը դասարանում բոլորը նկատել էին, բացի մեզանից: Դասընկերներս հաճախ էին հումորներ անում, երբեմն էլ իրենց հումորների միջոցով անհարմար վիճակի մեջ դնում երկուսիս: Երբ խոսք էր գնում, թե ով է առաջինը դասարանի երեխեքից ամուսնանալու, բոլորը համակարծիք լինելով, ասում էին, թե առաջին  զույգն արդեն հայտնի է»,-պատմում է Դավիթը: Չնայած Դիանայի ու Դավիթի միջեւ առաջացած զգացմունքին` նրանք, այնուամենայնիվ, փորձում էին թաքցնել եւ հաճախ հակադրվել դասընկերներին. «Երբեմն վիճաբանություն էր առաջանում իմ, Դիանայի եւ դասընկերներիս միջեւ: Ես զգում էի, որ Դիանային դուր չէր գալիս, երբ դասընկերներս հումորներ էին անում, որտեղ առանցքում մենք էինք գտնվում, իսկ ես չէի ցանկանում, որ Դիանան ինչ-որ բանից նեղված զգա»,- ասում է Դավիթը: Մեկ տարի անց, ավարտական դասի օրը, տղան որոշում է անպայման ասել Դիանային, չնայած շատ լավ գիտակցում էր, որ Դիանայի համար դա նորություն կամ զարմանալու առիթ չէր դառնա: Նրան ամենից շատ հետաքրքրում էր Դիանայի պատասխանը. «Վերջին դասը որոշել էին անցկացնել հետաքրքիր միջավայրում: Այդ օրը երեկոյան, իմ նախաձեռնությամբ եւ դասընկերներիս օգնությամբ կազմակերպեցինք, որ դրվի տանգո պարային երաժշտություն, որի ընթացքում էլ ամեն բան կասեմ: Հնչեց երաժշտությունը, եւ ես, ժամանակ չկորցնելով, Դիանային հրավիրեցի պարի: Ես ջանում էի խոսել նրա հետ` աչքերին նայելով, իսկ նա հայացքը միշտ փախցնում էր: Այլեւս չդիմացա եւ ասեցի. «Շատ սիրուն ես, միշտ էլ անտարբեր չեմ եղել քո նկատմամբ, կուզեի, որ միշտ կողքիս լինես»,- պատմում է Դավիթը: Այս խոսքերը Դիանային անակնկալի չեն բերում, քանի որ սպասելի էր Դավիթից լսել նման խոսքեր. «Ոչինչ չի ասում, դադարեցնում է պարը, թողնում է ինձ այդտեղ կանգնած եւ վերադառնում է իր տեղը: Ինձ այլ բան չի մնում անել, քան կրկին միանալ իրեն եւ վերջապես ստանալ պատասխան»: Բայց Դիանան այդպես էլ նրան որևէ հստակ պատասխան չի տալիս: Որոշ ժամանակ անց, Դավիթը կարողանում է հաճախակի հանդիպել Դիանային, մտերմիկ զրույց ունենալ ու շփվել որպես զուգընկեր: Առաջիկայում նրանց սպասվում էր ընդունելության քննությունները: Դավիթի ցանկությունն էր ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան , բայց հավաքած միավորները չեն բավականացնում, իսկ Դիանան այդ տարի ընդունվում է ԵՊՀ: «Դպրոցում գերազանց էի սովորում եւ մտածում էի, որ կրկնուսույցի մոտ գնալ եւ լրացուցիչ պարապելը ավելորդ հոգս կլիներ ծնողներիս համար: Չընդունվեցի, բայց առանձնապես չհուսահատվեցի էլ, որովհետեւ ես գիտեի իմ կարողությունները: Ճիշտ է, մի փոքր վատ էի զգում, երբ տեսնում էի այն դասընկերներիս, ովքեր առանձնապես լավ չէին սովորում, բայց արդեն ուսանողներ էին»: Դավիթը շարունակում է ընկերությունը Դիանայի հետ, մինչ բանակ գնալը. «Աշնանը ասես ամեն թափվող տերեւի հետ սիրտս սեւանում էր: Զգում էի, որ օրը մոտենում է, պետք է բանակ գնամ, բայց ունեմ սիրած աղջիկ, ում մենակ թողնել չէի ցանկանում: Զգացմունքներս իրար էին խառնվել»: Նոյեմբեր ամսին Դավիթը անցնում է ծառայության: «Սկզբի մի քանի ամիսը կարոտը խեղդում էր, էլ չէի դիմանում: Երեք ամիս անց, Դիանային տեսնելու համար փախա բանակից, եկա Երեւան եւ ընդամենը 2 ժամ կարողացա տեսնել: Արագ եւ զգույշ ետ պետք է վերադառնայի, որպեսզի բացակայությունս չնկատեին»,- ասում է Դավիթը: Բայց, այնուամենայնիվ, նրա բացակայությունը նկատվել էր, որի համար ստանում է ոչ միայն խիստ նկատողություն, այլեւ պատժամիջոց է կիրառվում, որի մասի չցանկացավ պատմել: Ժամանակն անցնում էր. օրերով Դիանայի հետ խոսել չէր կարողանում, քանի որ, դեպքից հետո հայտնվել էր հսկողության եւ ուշադրության տակ. «Բայց անդադար մտածել եմ իր մասին: Մնացած օրերն ու ամիսներն էի հաշվում: Երբ օտպուսկ եկա, առաջին բանը, որ ցանկանում էի՝ ժամ առաջ նրան տեսնելն էր: Ծաղիկներ գնեցի եւ գնացի իրենց տուն: Դուռը ինքը բացեց: Մի պահ զարմացավ ինձ տեսնելով, իսկ հետո շատ սառը ու անտարբեր թվաց ինձ: Առաջվա Դիանան չէր, ինչ-որ բան մարել էր իր ներսում, իսկ պատճառն այդպես էլ չհասկացա»,- ասում է Դավիթը, իսկ նա, ծառայությունն ավարտելուց հետո վերադառնում է տուն, նրան քույրը շատ նրբանկատ ձեւով հայտնում է, որ Դիանան արդեն չորս ամիս է` ամուսնացել է: «Երբ քույրս ասեց, էնպիսի տպավորություն էր, ասես ինչ-որ ծանր իրով գլխիս հարվածեին»: Դավիթը հասկանում էր, որ արդեն ուշ է, եւ ոչինչ անել այլեւս  չէր կարող: «Եթե  գնում ես բանակ, ուրեմն սիրած էակ այստեղ պետք չի թողնել: Նրա հետ կամ ընտանիք պետք է կազմես նախքան բանակ գնալը, կամ ընդհանրապես չսիրահարվես, քանի դեռ չես ծառայել»,-եզրակացրել է Դավիթը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930