Այսօր Գյումրու «Ստիլ» պատկերասրահում տեղի ունեցավ քաղաքի այն մտավորականների ժողովը, որոնք, այլևս չհանդուրժելով Գյումրու ներկա ավագանու անգործությունը, առաջիկա ՏԻՄ ընտրություններում պատրաստվում են հանդես գալ ավագանու թեկնածուների թիմով: Նրանց կազմում ընդգրկված են ճանաչված ազգագրագետներր,տնտեսագետներ, ճարտարապետներ, փաստաբաններ, ակտիվ Հ/Կ-ների ներկայացուցիչներ: Նոր ավագանու քաղաքացիական նախաձեռնության 7-րդ ժողովի ընթացքում քննարկվեց նախընտրական ծրագրի նախագիծը, և յուրաքանչյուրը ներկայացրեց իր առաջարկությունը Գյումրու այս կամ այն խնդրի լուծման շուրջ:
Անդրադառնալով առողջապահական խնդիրներին` «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ասաց. «Էս քաղաքի մարդկանց արժանապատվությունը ամենաշատ ոտնահարողը քաղաքի այլանդակ դիահերձարանն է, որը մոտ 20 տարի է` չգիտեմ ինչ վիճակում է, այստեղ խոսքը 120-130 հազար դոլարի մասին է, պետք է ստեղծվի անհրաժեշտ ինֆրաստրուկտուրա, գործի մեկ պատուհանի սկզբունքը, որպեսզի հարազատները գործ չունենան կտրողի, հերձողի հետ: Այս հարցը պետք է լուծվի պետական միջոցների հաշվին, այլապես այն կառուցելու համար կարելի է ծախսել Գյումրու քարե գորգի 10 տոկոսի չափով գումար»: Իսկ առաջարկությունների փաթեթում «Դիահերձարանի բերանորոգում, կառուցում» վերնագրի տակ ընթերցում ենք . «Հրատապ բանակցել և պահանջել պետական միջոցներով դիահերձարանի կառուցումը Գյումրիում: Կարիքն ավելի քան հիմնավոր է, անմարդկային և գարշելի պայմաններում արդեն երկու տասնամյակից ավելի է սպասարկվում են մեր համաքաղաքացիները: Սա վիրավորում է մեր արժանապատվությունը: Պետական միջոցներով շուտափույթ դիահերձարան չունենալու դեպքում համայնքի, բարերարների և հնարավոր դոնորների միջոցով մեկ տարում կառուցել առավելագույնը 120 քմ. տարածքով, պատշաճ ենթակառուցվածքներով ժամանակավոր դիահերձարան: Ծախսը մոտ 40 մլն. դրամ: Ստեղծել հանգուցյալների հարազատների սպասման և սպասարկման արժանապատիվ պայմաններ, սպասասրահ»: Առաջարկվում է նաև համայնքի բյուջեի հաշվին 4 սանիտարի հաստիք պահել, որոնք զույգերով միմյանց փոխարինելով հանգուցյալներին կհասցնեն դիահերձարան , այնուհետ կտեղափոխեն տուն ` նվազագույն հոգսեր պատճառելով հանգուցյալի հարազատներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև