Հարգելի խմբագրություն, ընթերցելով «Առավոտ» օրաթերթի «Քարաբերդցիներին խաբել է անգամ հայոց արծիվը» հոդվածը՝ խիստ զարմացած, ապշած եւ հիասթափված եմ:
2012 թվականի հունվարի 29-ին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը իմ գլխավորությամբ հյուրընկալվեց Շիրակի մարզի Քարաբերդ գյուղական համայնքի բնակիչներին, որտեղ էլ հիմնադրեց կազմակերպության հերթական մասնաճյուղը: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ անձամբ ինքս խոստացա համայնքի միջնակարգ դպրոցին հատկացնել մարզագույք (գնդակներ, ցանցեր), եւ շատ կարճ ժամանակահատվածում մասնաճյուղի ղեկավար Թաթուլ Բուլոյանի միջոցով մարզագույքը հատկացվեց դպրոցին:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված սպորտային հագուստներին, տեղեկացնեմ, որ համայնքի բնակիչների հետ երբեւէ նման խոսակցություն չի եղել, դա ուղղակի հորինված խոսակցություն է:
Տեղեկացնում եմ նաեւ, որ «Հայոց Արծիվների» 2,5 տարվա գործունեության ընթացքում, որի ժամանակ հիմնադրվել են 200 մասնաճյուղեր-գրասենյակներ՝ 200 համայնքներում, անձամբ իմ անմիջական նախաձեռնությամբ բոլոր համայնքների դպրոցներին տրվել է մարզագույք եւ ցուցաբերվել բազմաթիվ այլ աջակցություններ:
Կարդացեք նաև
Ցավում եմ, որ հերթական անգամ ականատես եմ լինում սուտ, կեղծ, շինծու խոսակցությունների:
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ
«Առավոտ» օրաթերթ