Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդն իր հողի վրա

Հունիս 30,2012 12:34

Երեկ «Առավոտը» ռեպորտաժ էր պատրաստել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղից: Այդ բնակավայրի անունը կարող է փոխարինվել մեկ ուրիշով, եւ դրանից այն խնդիրները, որոնք թվարկում են գյուղացիները, էապես չեն փոխվի: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է, չի վերանորոգվել 25 տարի, գյուղատնտեսական արտադրանքի, տվյալ դեպքում՝ կաթի ինքնարժեքն ավելի բարձր է, քան այն գինը, որն այդ ապրանքի համար տալիս է մթերողը (գործարանը), գյուղացիները վարկերի տակից չեն կարողանում դուրս գալ, հող մշակելն անիմաստ է դարձել, գյուղում ակումբ չկա, մանկապարտեզ չկա, տղամարդկանց մեծ մասը Ռուսաստանում է: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ մենք հակված ենք մեզ բաժին ընկած դժբախտությունները մի քիչ ճոխացնել, իրավիճակի նկարագրությունը հիմնականում օբյեկտիվ է:

Այդ իրավիճակը ստեղծվել է ոչ այսօր, ոչ էլ երեկ, այն առնվազն 22 տարվա սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գործոնների համադրման արդյունք է: Այնպես որ, երբ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցները վիճում են, թե երբ էր ամեն ինչ հրաշալի, եւ երբ, ում ջանքերով է ամեն ինչ փչացել, դրան պետք է վերաբերվել խիստ վերապահումներով՝ հրաշալի երբեք չի եղել: Խնդիրն այն է, որ ընտրություններից առաջ ընդդիմադիրները հանդիպում են մեր բողոքավոր քաղաքացիների հետ (նրանց 90 տոկոսը հիմքեր ունեն բողոքավոր լինելու), իսկ հետո այդ բողոքներն ամփոփում են հանրահավաքներում եւ հեռուստատեսային ճառերում՝ երկրի կործանման արձանագրմամբ եւ անհապաղ իշխանափոխության պահանջով: Իշխանավորները նույնպես գնում են նույն տեղերը, բայց սովորաբար դա անում են թիկնապահներով, նրանց զրուցակիցներն են լինում, որպես կանոն, «պարտխոզակտիվի» (ՀՀՇ-ի, իսկ այնուհետեւ՝ տարբեր կոալիցիաների), ինչպես նաեւ տեղական նոմենկլատուրայի ներկայացուցիչները, եւ նրանք լսում են մոտավորապես նույն պատմությունները, բայց ավելի «թեթեւացված», պակաս դրամատիկ ոճով, որից հետո ամփոփում են իրենց տպավորությունները հեռուստատեսային ճառերում՝ «այո, կան լուրջ խնդիրներ, բայց…» արտահայտություններով: Եվ այդպես 20 տարի: Մարդկանց վիճակն այդ երկուստեք ստանդարտ արձագանքներից չի լավանում: Հատկապես գյուղացիների վիճակը հաստատ վատանում է:

Ամենաազատական, ամենաշուկայական երկրներում պետությունը հատուկ քաղաքականություն է վարում գյուղատնտեսության ոլորտում, ամեն ինչ չի թողնում շուկայի, այսպես ասած, «անտեսանելի ձեռքին»: Այդ քաղաքականության մեջ մտնում են որոշ արտադրանքի դոտացիաներ, վարկերի ցածր տոկոսադրույքներ, հարկային արտոնություններ եւ այլն: Ինչո՞ւ են պետություններն այդպես վարվում: Շատ պարզ պատճառով. դա ամեն տեղ՝ ԱՄՆ-ում, թե Բելգիայում, Բրազիլիայում, թե Ավստրալիայում ազգային անվտանգության հարց է՝ երբ մարդու սեփականությունը եւ եկամտի աղբյուրը հողն է, ոչ թե ինչ-որ բանկում դրված գումար, նա ատամներով կառչում է այդ հողից, ձգտում է, որ այդ հողի վրա ապրեն իր երեխաներն ու թոռները: Նա նաեւ պատրաստ է այդ հողը պաշտպանել:

Երբ 20 տարի առաջ մարդկանց տեղահան արեցին Շահումյանի շրջանի գյուղերից, ես Հաթերքում էի, որտեղ հավաքվում էին փախստականները: Մարդկանց առաջին մտահոգությունն իրենց բերքն ու անասունն էր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930