Ինչ կարելի է մտածել այն մարդու մասին, ով փորձում է հերքել սեփական ականջներով լսածդ: Միայն մեկ բան. կամ այդ մարդն է ոչ ադեկվատ, կամ քեզ է ապուշի տեղ դրել:
Հիմա իշխանությունը իր քարոզչական մեքենան միացրել է` մեզ համոզելու, որ սխալ ենք հասկացել ԵՄ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատարի մամուլի քարտուղարի` նախորդ օրը արած այն պարզ ու հստակ հայտարարությունը, թե Հայաստանի ֆինանսավորմանն ուղղված դոնորների համաժողովի անցկացումը հետաձգվել է, որովհետև ԵՄ-ն բավարարված չէ այս տարվա մայիսին անցկացված ընտրությունների որակից:
Մեզ համոզում են, որ այդ համաժողովը հետաձգվել է` միայն ավելի լավ կազմակերպելու նպատակով: Հիմա հարց է առաջանում. ո՞ւմ են խելագարի տեղ դնում. կամ իրենք իրենց, կամ ԵՄ-ին, կամ էլ մեզ: ԵՄ-ին չեն կարող` ուժները չի պատում, իրենք իրենց չեն ուզում` գլուխները չի բռնում: Մնացել է ամենահեշտ տարբերակը` հանրությունը, որը, եթե չհավատա էլ, գոնե չի էլ ընդվզի, սովորել են:
Բայց համոզել, այն էլ արմատապես, պետք է: Որովհետև աչքների առաջ հօդս է ցնդում ամենաժողովրդավարական ընտրություններն անցկացրած լինելու, լեգիտիմ իշխանություն ձևավորելու մասին պնդումները և, ամենակարևորը, դրանք միջազգային հանրության կարծիքով փաստարկելը: Ոչ մի երկրի ֆինանսավորումից չեն զրկում` լավ ընտրություններ անցկացնելու համար: Ուրեմն` պետք է համոզել, խնդիրը մեր լսողական ու տեսողական զգայարանների մեջ է:
Կարդացեք նաև
«Երկիր»