Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Զեկույցում իրականությունը օբյեկտիվորեն ներկայացված չէ»

Հունիս 30,2012 10:36

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

-Պարոն Շարմազանով, ի՞նչն է պատճառը, որ արեւմտյան կառույցները իրենց զեկույցներում շարունակում են հակասական գնահատականներ տալ խորհրդարանական ընտրություններին:

-Միջազգային կառույցների յուրաքանչյուր զեկույց նաեւ սուբյեկտիվիզմի արդյունք է: Շատ դժվար է գտնել որեւէ երկրի վերաբերյալ զեկույց, որում ներկայացված լինեն բացառապես օբյեկտիվ գնահատականներ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ե՛ւ միջնաժամկետ զեկույցն էր սուբյեկտիվ, ե՛ւ օրերս ներկայացված վերջնական զեկույցում տեղ գտած գնահատականներն են կողմնակալ:

Զեկույցը պատրաստողները ինչ-որ պատճառով հաշվի չեն առել, որ բոլոր երկրներում էլ ընտրությունների ժամանակ լինում են քաղաքական ուժեր ու գործիչներ, ովքեր պոպուլիստական, ամբոխահաճո, քաղաքական միտում ունեցող հայտարարություններ են անում: Միշտ լինում են ուժեր, որոնք ցանկացած պարագայում հայտարարելու են, որ օրենքը խախտվում է, ընտրակաշառք է բաժանվում, ադմինիստրատիվ ռեսուրս է օգտագործվում, խտրականություն է դրսեւորվում:

Նման գնահատականները ուղղակի չի կարելի ներառել զեկույցի մեջ՝ առանց դրանց հավաստիությունը ստուգելու: Իսկ այդպիսի անհիմն գնահատականների միջոցով անվստահության ֆոն է ստեղծվում, ինչը օբյեկտիվ չէ եւ իրականությունը չի արտացոլում:

-Ինչո՞ւ զեկույցի հեղինակները չեն հենվում սեփական դիտարկումների վրա, այլ հաճույքով հղում են կատարում կողմնակալ աղբյուրներին:

-Իրոք, զեկույցում բոլոր բացասական գնահատականները վերագրված են այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցչին կամ այս ուժերին սպասարկող «փորձագետներին», իսկ նրանց հայտարարություններում չկան փաստեր, այլ միայն կարծիք է արտահայտված: Խոսում են կաշառք բաժանելու մասին, սակայն ոչ ոք որեւէ փաստ չի նշում, որ ինքը տեսել է, թե ինչպես է կոնկրետ անձը կոնկրետ ընտրողի կոնկրետ վայրում կաշառք տալիս:

Միաժամանակ շատ կարեւոր է, որ զեկույցում միայն սուբյեկտիվ շեշտադրումներ չեն, այլեւ հստակ ու հիմնավորված գնահատականներ կան, որ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել ու անցկացվել են խաղաղ մթնոլորտում, ունեցել են մրցակցային բնույթ եւ բոլոր մասնակիցներն ունեցել են հավասար հնարավորություններ:

Հստակ նշված է, որ զանգվածային բոլոր լրատվամիջոցները աշխատել են աննախադեպ հրապարակայնության մթնոլորտում եւ որեւէ քաղաքական ուժ իր քարոզչությունը իրականացնելու որեւէ խոչընդոտի, սահմանափակման չի հանդիպել:

Եթե համապատասխան եզրահանգում էլ կատարած լինեին, պետք է ուղղակի արձանագրեին, որ հավասար հնարավորությունների դեպքում ադմինիստրատիվ ռեսուրսը չի կիրառվել: Հենց զեկույցի հեղինակներն են արձանագրել, որ բացասական երեւույթների ծավալը ընդամենը 9% է կազմել: Սա դիտորդների փաստարկների վրա հիմնված գնահատական է, որը նշանակում է՝ ընտրական գործընթացների 91%-ը դրական գնահատական է ստացել:

Մենք չենք կարծում, թե 9%-ը փոքր թիվ է, բայց երբ դրականը տասն անգամ ավելին է, պետք չէ թերությունները դարձնել դրոշակ եւ աղավաղել իրական պատկերը:

-Զեկույցի գնահատականները սակայն առարկայական հետեւանք են ունենում, քանի որ արտաքին դոնորները հայտարարել են, թե մինչեւ նախագահական ընտրություններ կարող են սառեցնել ֆինանսական աջակցությունը: Ի՞նչ է արվելու առաջիկա ամիսներին իրավիճակը շտկելու համար:

-Մեր ողջ աշխատանքը, բոլոր բարեփոխական ծրագրերը իրագործվում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու, ոչ թե արտաքին դոնորներին կամ միջազգային կառույցներին ինչ-որ բան համոզելու համար: Հավատացած եմ, որ Արեւմուտքում, Եվրոպայում բոլորն էլ վստահ են, որ նախագահական ընտրությունները առավել ժողովրդավարական ու որակյալ են լինելու, քան երբեւէ: Մենք բարեփոխումներ ենք կատարում, քանի որ դա պետք է մեզ՝ մեր պետությանն ու ժողովրդին:

Նաեւ չեմ կարծում, թե ֆինանսական աջակցության պարագան պայմանավորված է մեր ընտրությունների որակով կամ ժողովրդավարության աստիճանով: Մեր պետությունը արտաքին ֆինանսական աջակցություն ստացել է նաեւ 2001 թվականին, դրանից հետո, ու չեմ կարծում, թե այն ժամանակ մեր հասարակությունը ավելի ժողովրդավարական էր, քան հիմա: Պարզապես Եվրոպան այսօր ունի լուրջ ֆինանսական ու տնտեսական խնդիրներ:

Մենք ընտրություններից ընտրություն չէ, որ աշխատում ենք: Յուրաքանչյուր ընտրության հաջորդ իսկ օրը սկսում ենք աշխատանքի նոր փուլ եւ հետեւողականորեն իրագործում ենք այն ծրագիրը, պարտավորությունները, որոնք նախանշել ենք: Մենք ոչ թե խոսում ենք անելիքների մասին, այլ անում ենք: Իհարկե, առաջիկա ամիսների աշխատանքը շատ մեծ նշանակություն է ունենալու ժողովրդի վստահությունը ավելացնելու համար:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930