Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ասուլիսից հետո նույն դահլիճում պետք է կոնգրեսականների նիստ տեղի ունենար, որտեղ ինչ-որ հարցեր պիտի քննարկեին, ուստի խնդրեցին լրագրողներին ասուլիսից հետո լքել դահլիճը:
Մեծ էր մեր զարմանքը, երբ կոնգրեսականների հետ ՀԱԿ-ում տեսանք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Հովիկ Արսենյանին, որը տեւական ժամանակ մնաց Կոնգրեսի գրասենյակում:
Տարատեսակ ենթադրություններից զերծ մնալու համար Aravot.am-ը պարոն Արսենյանից ավելի ուշ հետաքրքրվեց, թե չնայած «Հանրապետություն» կուսակցությունն իր ողջ կազմով հայտարարել է, որ դուրս է գալիս ՀԱԿ-ից, Դուք դեռ կա՞պ եք պահպանում, Դուք որպես փաստաբա՞ն էիք ՀԱԿ գրասենյակում, թե՞ որպես «Հանրապետություն» կուսակցության անդամ: Հովիկ Արսենյանը ծիծաղեց. «Չէ՜, ես գնացել էի այնտեղ, որովհետեւ Արմեն Խաչատրյանի հետ գործ ունեի, ֆլեշկաս Արմենի մոտ էր, գնացել էի՝ վերցնեի: Իսկ երկար մնացի, որովհետեւ համակարգիչ տեսա, սկսեցի կայքերը նայել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Կոնգրեսի հետ կապերը պահելուն՝ Հովիկ Արսենյանն ասաց. «Մենք հո թշնամինե՞ր չենք, բայց այդ նկատառումներով չէի այնտեղ»: Նա վստահեցրեց, որ Կոնգրեսում նիստի ու քննարկման մասին չգիտեր էլ. «Պատկերացրեք՝ դա ձեզանից իմացա :
Մեր դիտարկմանը, որ մտածեցինք Դուք եկել եք՝ այդ նիստին մասնակցելու՝ պարոն Արսենյանն այսպես արձագանքեց. «Նույնիսկ, հա՞: Չէ, ես սկզբունքային մարդ եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ