Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Հայաստանի համար Եվրամիության կողմից կազմակերպվելիք դոնոր երկրների եւ կազմակերպությունների միջազգային համաժողովի «անցկացման հաստատված ժամկետ չի եղել»:
Այսօր պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ այս հարցի վերաբերյալ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակի կողմից արված մեկնաբանության մեջ եւս «խոսք չի գնում համաժողովի հետաձգման մասին»:
«Խոսքը գնում է համաժողովի նախապատրաստման մասին: Նման միջոցառման որակյալ կազմակերպումը լուրջ աշխատանք եւ ժամանակ է պահանջում: Մենք ցանկանում ենք այն արագ, բայց նաեւ որակով կազմակերպել»,- մանրամասնել է փոխնախարարը:
Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ դոնորների համաժողովի անցկացումը մնում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում եւ ներկայումս կողմերը քննարկում են միջոցառման անցկացման հարցերը:
Կարդացեք նաև
Փոխնախարարի խոսքով, Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են համընդհանուր արժեքների վրա եւ համաժողովի ժամկետները այլ հարցերի հետ փոխկապակցելը «պարզունակություն է»: