Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ոստիկանապետը հեռացավ ինքնակա ՞մ, թե ՞ կրիմինալ երիտասարդների պատճառով

Հունիս 29,2012 17:50

 ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօր կատարած կադրային փոփոխությունների արդյունքում Գյումրու ոստիկանապետ, գնդապետ Վարուժան Շաշիկյանը դարձյալ տեղափոխվեց Երևան` զբաղեցնելով Ավանի բաժնի պետի պաշտոնը:

Ծնունդով ախալքալակցի, սակայն երևանաբնակ այս պաշտոնյային Գյումրու ոստիկանապետ էին նշանակել դեկտեմբեր ամսին, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը: Փաստորեն ոստիկանապետը Գյումրիում աշխատեց ընդամենը 7 ամիս: Թե ո՞րն էր նրան պաշտոնափոխ անելու պատճառը, գյումրեցի ոստիկանների շրջանակում տարբեր խոսակցություններ են պտտվում. նրանցից շատերը պնդում են, որ սա պայմանավորված է Գյումրիում հանցագործությունների թվի աճով, կրիմինալի ակտիվացմամբ, մասնավորապես, վերջին օրերին հնչած կրակոցներով ու աղմկոտ դանակահարությամբ, որոնցում շոշափվում են քաղաքի ներկա ու նախկին բարձաստիճան պաշտոնյաների որդիների ու փեսաների անունները: Շատերն էլ պնդում են, որ ոստիկանապետը ինքը չդիմացավ Գյումրիում, քանի որ մայրաքաղաքում պաշտոն էր ազատվել, պարոն Շաշիկյանը առիթը բաց չթողեց լքել կրիմինալ Գյումրին:

Քիչ առաջ Aravot.am-ն այս թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Վարուժան Շաշիկյանից: Գյումրու նախկին ոստիկանապետը փոխանցեց, որ բոլոր ոստիկանները զինվորական ծառայության մեջ են, ինչ հրաման տվեցին, նրանք դա էլ կկատարեն: Իսկ այն խոսակցությունների առնչությամբ, ըստ որոնց պարոն Շաշիկյանին տեղափոխել են այն պատճառով, որ Գյումրիում ավելացել է հանցագործությունների թիվը, նա խորհուրդ տվեց այդ մասին մեկնաբանություններ խնդրել նրանցից, ովքեր իրենց թույլ են տալիս նման գնահատականներ ու որակումներ տալ:

Իսկ ինչպե՞ս կգնահատի իր աշխատանքը Գյումրիում պարոն Շաշիկյանը, նա սիրե՞ց գյումրեցիներին, հե՞շտ էր այս քաղաքում աշխատելը: «Իմ ժողովուրդն է, ի՞նչ տարբերություն էստեղ, թե էնտեղ, բոլորն էլ մեր ժողովուրդն են , բայց նորից եմ կրկնում այստեղ ժողովրդի խնդիրը չէ, ես զինվորական ծառայության մեջ եմ, և եթե ինձ նշանակել են Երևանում, ուրեմն իմ անհրաժեշտությունը կա Երևանում», -ասաց պաշտոնյան:

Նշենք, որ ոստիկանների մեկնաբանմամբ, պարոն Շաշիկյանի տեղափոխելով, նրա պաշտոնը մոտ երկու աստիճանով իջեցրել են: Ըստ մեր զրուցակիցների, թեև Երևանի Ավան բաժանմունքում աշխատանքային պայմանները շատ ավելի հարմարավետ են, այդուհանդերձ առավելություններով հանդերձ, Շաշիկյանի պաշտոնը անվանումով ցածր է:

Նշենք, որ Վահան Դանիելյանը, որին նշանակել են Գյումրու ոստիկանապետ , գրեթե անծանոթ կերպար է գյումրեցի ոստիկանների համար, նրանք միայն գիտեն, որ վերջինս ծնունդով արմավիրցի է, երկար տարիներ աշխատել է Հրազդանում, նաև Երևանում`զբաղեցնելով սպանության գծով բաժնի պետի պաշտոնը: Ինչևէ, գյումրեցիների բնութագրելով, ՏԻՄ ընտրություններից առաջ պարոն Դանիելյանին ծանր ու պատասխանատու օրեր են սպասվում, հատկապես Գյումրիում արդեն 3 ամիս է` սկսվել են կրակոցներով ու դանակահարությամբ ուղեկցվող ռազբորկաները. իրենց քիչ թե շատ տղամարդ համարող երիտասարդները իրավունք են վերապահում զինված ման գալ քաղաքում:

Նշենք, որ ոստիկանապետի ոչ տեղաբնակ լինելը բավականաչափ տխրեցրել է այս համակարգում աշխատող գյումրեցիներին, վերջիններս մեզ հետ զրույցում ակնկալում էին, որ գոնե Շիրակի մարզային քննչական բաժնի պետի պաշտոնը բաժին կհասնի գյումրեցու:

Հիշեցնենք, որ Գյումրիում հնչած կրակոցների պատճառով մի շաբաթ առաջ թոշակի ճանապարհեցին Շիրակի մարզի քննչական բաժնի երկարամյա պետ Կարուշ Թովմասյանին, այս պահին նրա պաշտոնը թափուր է, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Կարուշ Թովմասյանի տեղակալը` պարոն Գարեգինյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930