Եվրոպական Միության ղեկավարները եկել են մայրցամաքում ֆինանսական դժվարություններ ապրող բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակով փրկարարական մշտական հիմնադրամի միջոցների անմիջական տրամադրման, ինչպես նաև բյուջետային և քաղաքական ավելի սերտ միասնականություն հաստատելու մասին համաձայնության:
Այս համաձայնության ԵՄ-ի ղեկավարները եկել են ուրբաթ վաղ առավոտյան՝ Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթաժողովի ընթացքում մի քանի ժամ տևած քննարկումներից հետո:
Համաձայնությամբ նախատեսվում է նաև հիմնադրել եվրոն որպես արժույթ օգտագործող պետություններում բանկային համակարգը վերահսկող համատեղ մարմին և թույլատրել փրկարարական հիմնադրամին գնել ֆինանսական դժվարություններ ապրող պետական վարկառուների կողմից թողարկված պարտատոմսերը: Վերջին պայմանը ներառվել է՝ ի կատարում Իսպանիայի և Իտալիայի պահանջներին, որոնք դիմել են օգնության ՝ փոխառությունների հետզհետե աճող արժեքի պատճառով:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյը քննարկումներից հետո մամուլի հետ անցկացված հանդիպման ընթացքում բարձր է գնահատել ձեռք բերված համաձայնությունը:
Կարդացեք նաև
«Մենք համաձայնության եկանք առաջխաղացում հանդիսացող որոշման շուրջ, որը թույլ է տալիս որոշ պարագաներում իրականացնել բանկերի անմիջական վերակապիտալացումը, իսկ ամենակարևոր պայմաններից հույժ կարևոր պայման է հանդիսանում այն, որ պետք է ստեղծվի վերահսկողական միասնական մեխանիզմ. ևս մեկ կարևոր որոշում է «լավ վարք» ցուցաբերած երկրներին ESFS և ESM ֆինանսական կայունության միջոցների օգտագործման հնարավորության տրամադրումը՝ շուկաներում վստահություն ներշնչելու համար», – ասել է վան Ռոմփեյը:
ԵՄ-ի առաջնորդները նաև համաձայնության են եկել դաշինքի ամենաթույլ տնտեսություններում աճը խթանելու համար անհրաժեշտ մոտ 150 միլիարդ դոլար չափով գումար կողքի դնելու մասին:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»