Լրահոս
Օրվա լրահոսը

Ն.Սարգսյան. «Վազգեն Մանուկյանից նման մակարդակի պատասխան չէի ակնկալում»

Հունիս 29,2012 16:10

«Պարոն Սարգսյան, Հանրային խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով ըստ էության, Ձեզ մեղադրում է նախորդ տարիներին հսկայական գումարներ աշխատելու մեջ: Հետաքրքիր է, ի՞նչ գումարներ եք աշխատել», Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց. «Միշտ հարգանքով եմ վերաբերվել Վազգեն Մանուկյանին և բարձր եմ գնահատում նրա անցած ճանապարհը:

Անկեղծ ասած, նրա տրամաչափի պետական գործչից այդ մակարդակի պատասխան չէի ակնկալում: Հանրային խորհրդի անունից տարածված զրպարտչական բնույթի խոսքը ուղղակիորեն հաստատում է իմ համոզմունքը, թե ով է տեքստի հեղինակը և ով է ուղղորդում Հանրային խորհրդի քաղաքաշինության ոլորտին վերաբերող հարցերը:

Ինչ վերաբերում է այդքան երազած «հսկայական գումարներ աշխատելուն», ապա ի տարբերություն Վազգեն Մանուկյանի որոշ մերձավորների, ես երբևէ որևէ բիզնեսի մեջ չեմ եղել, չկամ և իմ ապրուստը վաստակել եմ բացառապես իմ մասնագիտությամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով, ինչը կարող են հաստատել բոլոր գործընկերներս, այդ թվում նաև՝ Հանրային խորհրդի շատ անդամներ»:

Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մասնավորապես ասել էր. «Վերջին շրջանում հանրության և հատկապես երիտասարդության կողմից կարևորվում են բնապահպանական և քաղաքաշինական խնդիրները, և պատահական չէ, որ բազմաթիվ հարցերի հետ միասին ՀԽ նախագահն ակտիվորեն մասնակցեց Հանրային խորհրդում կազմակերպված հանրային քննարկումներին՝ կապված Մաշտոցի պուրակի և Ծածկած շուկայի խնդիրների հետ:

Զարմանալի է, որ Երևանի գլխավոր ճարտարապետը, որ կարծես թե ինքը պետք է մտահոգված լիներ հանրության առջև ծառացած քաղաքաշինական խնդիրներով, անձնավորում և պիտակավորում է Հանրային խորհրդի ակտիվությունն այդ ոլորտում` բավականին հիստերիկ ձևով և բարեկամական կապերի ծիծաղելի ու անտեղի փաստարկներով: Ինչպես երևում է, Հանրային խորհուրդը խանգարում է գլխավոր ճարտարապետին, սակայն ո՞ր հարցում…

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ լինելով քաղաքի գլխավոր ճարտարապետ, կարելի էր Երևանն ուզածի պես և անպատիժ մնալով քանդել կամ ձևափոխել՝ պատճառաբանելով, թե դա նախագահի կան վարչապետի հրամանն է, արանքում էլ հսկայական գումարներ աշխատել:

Ժամանակն է համակերպվել այն մտքի հետ, որ հասարակությունն ուշադիր հետևում է այն բոլոր հարցերին, որոնք կապված են քաղաքաշինության և Երևանի ապագայի հետ:

Հանրային խորհուրդը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել հանրությանը հուզող խնդիրները` այդ թվում նաև քաղաքաշինական, և հետամուտ է լինելու դրանց լուծմանը` հավատարիմ մնալով իր գործունեության գլխավոր նպատակին, այն է` քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930