Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը նախագահական ընտրությունների պես «անլուրջ հարցերով» Տեր-Պետրոսյանին չի դիմում

Հունիս 29,2012 16:03

«Ժառանգության» նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել էր, որ Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չի մասնակցի, քանի որ խարիզմատիկ լիդեր չէ: Այս առնչությամբ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ի պատասխան Արմեն Մարտիրոսյանի՝ նշեց. «Դուք չեք զգացե՞լ, որ վերջին շրջանում «Ժառանգության» ներկայացուցիչները իրենց են արդեն վերագրել ՀԱԿ-ի խոսնակների դերը: Ես իրենց խորհուրդ կտայի այլ աշխատանք փնտրել, այլ աշխատանքում կարող է հաջողեն»:

Հարցին՝ նախագահական ընտրություններին, այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է՝ նա պատասխանեց, որ ՀԱԿ-ը լուրջ քաղաքական ուժ է, եւ դրա պատասխանը կտա աշնանը. « Իմ կարծիքն այն է, որ նրանից լավ թեկնածու չկա, երբ որոշում լինի՝ ամեն ինչ կպարզվի: Ես ձեզ պետք է հիասթափեցնեմ, ձեր հարցի պատասխանը չունեմ, այնպես չի, որ որոշում ունեմ՝ գաղտնի եմ պահում»: Հարցին՝ Դուք ճշտե՞լ եք առաջին նախագահից, նա ցանկություն ունի՞ մասնակցելու ընտրություններին՝ Զուրաբյանը պատասխանեց, որ նման անլուրջ հարցերով նրան չի դիմում: Նա նաեւ նշեց, որ եթե նպաստավոր պայմաններ լինեն՝ գուցե առաջադրվի: Երբ հետաքրքրվեցինք, թե որո՞նք են այդ նպաստավոր պայմանները՝ ՀԱԿ համակարգողը նշեց. «Գործոնները շատ են՝ միջազգային իրավիճակներ, Հայաստանի տնտեսական վիճակ, սոցիալական դժգոհության չափը, հազար ու մի բան կա, այնքան ֆակտորներ կան, որ պիտի վերլուծվեն»:

Տեր-Պետրոսյանը 2 տարի առաջ հայտարարել էր, որ կառաջադրվի այն ժամանակ, երբ Քոչարյանը կառաջադրվի, դա այլեւս ուժի մեջ չէ՞՝ հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ դա արվել է կոնկրետ քաղաքական իրավիճակում եւ որեւէ պայմանավորում Քոչարյանի առաջադրումով չի կարող լինել. «Առավել եւս ես կարծում եմ, որ Քոչարյանը որեւէ շանս չունի առաջադրվելու: Նրա ձեռքերը արյան մեջ են: Նա մի շանս ունի նախագահ ընտրվելու, եթե նա Սերժ Սարգսյանի նման կեղծի ընտրությունները, բայց այսօր կեղծարար համակարգը գտնվում է ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի ձեռքում»: Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարեց, որ բոլոր այն ուժերը, որոնք պատրաստ են պայքարել Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ իրենց հետ՝ կարող են միավորվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930