Շուրջ մեկ տարի աշխատելուց հետո բոլորը ձգտում են հանգստանալ գոնե ամռանը: Ամառային հանգստի են անցնում նաև թատրոնները:
Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ամառային խաղացանկում փոփոխություններ չեն եղել. «Ախ, Աննա Աննա կամ կրքոտ կիրակի», «Մամա միա», «Ռոմանտիկ կոմեդիա», «Սիրային խառնաշփոթ», «Սպանել սիրո համար». ահա այս ներկայացումներն են շարունակվելու մինչև հուլիս ամսվա վերջ, իսկ օգոստոսին՝ ինչպես նշեց թատրոնի աշխատակից Անահիտ Էլիզբարյանը, թատրոնն անցնում է ամառային հանգստի:
«Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն արդեն ամառային հանգստի է անցել. հուլիս, օգոստոս ամիսներին չենք աշխատելու», – ասաց թատրոնի աշխատակիցը, ով, թերևս, չցանկացավ նշել անունը:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացումներ լինելու են մինչև հուլիսի վերջ. «Օգոստոսին թատրոնը գնում է ամառային արձակուրդ, արդեն նոր խաղացանկով կվերադառնանք սեպտեմբերին», – «Առավոտ երիտասարդականին» ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, և ավելացրեց, որ այժմ խաղացանկում է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը:
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում ևս փոփոխություններ կամ նորություններ չկան, մինչև հուլիսի 15-ը թատրոնն աշխատելու է նույն խաղացանկով, այնուհետև կանցնի հանգստի:
«Համազգային թատրոնն աշխատելու է մինչև հուլիսի 29-ը», – ասաց թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը, և հավելեց, որ հանդես են գալու նույն խաղացանկով:
Տիգրանուհի Թասլակյան