Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մհեր Ենոքյանի գործով ապացույցները դեռ վիճարկվում են

Հունիս 29,2012 15:58

 Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի պաշտպան Վահագն Մանուկյանը լրատվամիջոցների հետ այսօր հանդիպման ժամանակ անդրադարձավ «12.07.1996թ. ժամը 19-ի սահմաններում Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 21 շենքի թիվ 18 բնակարանում Իոսիֆ Միքայելի Աղաջանովի դիտավորյալ սպանության փաստի առթիվ Խորհրդային շրջանի դատախազությունում 13.07.1996թ. հարուցված թիվ 17206096 քրեական գործին»:

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Մհեր Ենոքյանին և Արամ Հարությունյանին 1996թ. հուլիսի 24-ին և 25-ին մեղադրանք է առաջադրվել նախկին ՀՀ քրօրի 99 հոդ. 2-րդ և 6-րդ կետերով:

Վահագն Մանուկյանը տեղեկացրեց, որ 10.09.1996թ. իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և վերջինիս ՀՀ քրօրի 99 հոդ. 1-ին և 6-րդ կետերով նոր մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա հանցավոր համաձայնության գալով ընկերոջ՝ Արամ Հարությունյանի հետ, 1996թ. հուլիսի 12-ին ժամը 17-ի սահմաններում իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին խաբեությամբ տարել է Արամ Հարությունյանի Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 21 շենքի թիվ 18 բնակարան, վերջինիս սպանելու ու դիակը վերադարձնելու համար նրա հորից 20.000 ԱՄՆ դոլար պահանջելու և շահադիտական դրդումներով նախապես թաքցրած տեղից վերցրել է երկաթյա պտուտակող բանալին և հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի ու ողնաշարի հատման շրջանում և տեսնելով, որ այդ հարվածով չի սպանել նրան, դրսևորելով առանձնակի դաժանություն, նույն երկաթյա բանալիով շարունակել է հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի տարբեր մասերին, այնուհետև ձեռք գցելով նրա պարանոցը, փորձել է խեղդամահ անել: Արդյունքի չհասնելով, Արամ Հարությունյանից դանակ է պահանջել և դանակով մահացու հարվածներ հասցրել Իոսիֆ Աղաջանովի դեմքի ու պարանոցի շրջանում, որից հետո արդեն իսկ հատակին ընկած Իոսիֆ Աղաջանովի կոկորդը դանակով կտրել է Արամ Հարությունյանը: Շահադիտական դրդումներով և առանձնակի դաժանությամբ Իոսիֆ Աղաջանովին սպանելուց հետո նրա դիակը տեղավորել են նախապես այդ նպատակով գնած պայուսակի մեջ և, այն տնից տեղափոխելով, թաքցրել են Երևան քաղաքի Նորքի 8-րդ զանգվածի շրջակայքում՝ քարերի տակ»:

19.09.1996թ. հաստատված մեղադրական եզրակացությամբ Մ.Ենոքյանի գործն ուղարկվել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիա:

ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 29.11.1996թ. դատավճռով Մհեր Ենոքյանը մեղավոր է ճանաչվել նախկին ՀՀ քրօրի 99 հոդ. 1-ին և 6-րդ կետերով և դատապարտվել է մահապատժի, իսկ Արամ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրի 99 հոդ. 1-ին և 6-րդ կետերով ու դատապարտվել է ազատազրկման 15 /տասնհինգ/ տարի ժամկետով:

Հետագայում ՀՀ Նախագահի 01.08.2003թ. թիվ 103-Ա հրամանագրով Մհեր Ենոքյանին ներում է շնորհվել և նրա նկատմամբ նշանակված պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվվելով ձերբակալման օրվանից՝ 13.07.1996թ.-ից:

Ներկայումս Մհեր Ենոքյանը պատիժը կրում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Փաստաբան Վահագն Մանուկյանն ասում է, որ հետագայում երեւան են եկել նոր հանգամանքներ, այդ իսկ պատճառով բողոք են բերել ՀՀ վճռաբեկ դատարան:

Ի դեպ, մենք տեղեկացրել ենք, որ վճռաբեկ դատարանը օրեր առաջ մերժել էր բողոքը:

Ըստ Վահագն Մանուկյանի. «Մհեր Ենոքյանի նկատմամբ դատավճիռ կայացնելիս դատարանին անհայտ է մնացել էական նշանակություն ունեցող հանգամանք, որը էապես նվազեցնում է կատարված հանցագործության հասարակական վտանգավորության և ծանրության աստիճանը՝ քրեաիրավական առումով Մհեր Ենոքյանի արարաքի որակման տեսանկյունից:

Այսպես. Մհեր Ենոքյանի 13.04.2012թ. դիմումի համաձայն՝ հասցեագրված ՀՀ վճռաբեկ դատարանին վերջինս հայտնել է. «…1996թ. հուլիսի 12-ին, մոտավորապես ժամը 17:00-ի սահմաններում, երբ ես իմ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի հետ եկանք Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Արամ Գուրգենի Հարությունյանի բնակարան, վերջինիս քույրը՝ Արմինե Հարությունյանը, գտնվում էր բնակարանում և Իոսիֆի սպանության ականատեսն է եղել: Արմինե Հարությունյանը, լսելով իր եղբոր՝ Արամի և Իոսիֆի միջև վիճաբանության բարձր ձայները, աղմուկ-աղաղակը, հրմշտոցի ձայները՝ անմիջապես ներս է մտել ննջասենյակ և ականատես է դարձել, թե ինչպես է Արամը սպանել Իոսիֆին, իսկ ես այդ դեպքի ընթացքում՝ փորձել եմ բաժանել նրանց և ամեն կերպ փորձել փրկել Իոսիֆի Աղաջանովին: Այս հանգամանքների մասին նախաքննության և դատաքննության ընթացքում ո՛չ ես և ո՛չ էլ Ա.Հարությունյանը չենք հայտնել, այն պատճառով, որ չենք ցանկացել Արմինե Հարությունյանին ներքաշել այս քրեական գործի ողջ պատմության մեջ, քանի որ երիտասարդ աղջիկ էր, չամուսնացած, և չենք ցանկացել ստվեր գցել նրա հետագա ճակատագրի վրա»:

Ըստ բողոքաբեր պաշտպանի, Մհեր Ենոքյանի կողմից երևան բերված այս հանգամանքն ուղղակի վկայում է այն մասին, որ Իոսիֆ Աղաջանովի սպանությունը չի կատարվել շահադիտական դրդումներով, այլ դրա բուն դրդապատճառը հանդիսացել է վերջինիս և Արամ Հարությունյանի միջև անձնական հողի վրա ծագած վիճաբանությունը:

Փաստաբանը մեր հետ զրույցի ժամանակ նշեց նաեւ, որ քրեական գործով ներկա պահին նոր երևան եկած հանգամանքների պայմաններում իրեղեն ապացույց ճանաչված հանցագործության գործիքները ոչ մի կերպ չեն կարող ներառված լինել Մհեր Ենոքյանին մեղսագրված հանցանքի ծավալում և միանշանակ պետք է հանվեն նրա վերաբերյալ կայացված դատավճռի հիմնավորումներից՝ դրանք որպես անթույլատրելի ապացույցներ լինելու պատճառով:

Վահագն Մանուկյանն ասաց, որ ներկայացված վճռաբեկ բողոքի հետ միաժամանակ բողոքի հիմնավորումները հավաստող փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն առ այսօր այդ կապակցությամբ որևէ պատասխան չի ստացվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930