Այն պահին, երբ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ասուլիսում հայտարարում էր, որ գյուղացիները ծիրանի առատ բերքի մթերման հետ կապված այս տարի ոչ մի խնդիրներ չունեն եւ արտահանման հարցը նույնպես բարեհաջող լուծված է մթերող ընկերությունների ջանքերով, Aravot.am-ը «Սպայկա» ընկերությունից ստացավ հաղորդագրություն, այն մասին, որ ընկերությունը դադարեցնում է ծիրանի եւ կեռասի մթերումը միջոցների սղության պատճառով:
Այս լուրը գյուղացիների շրջանում մեծ խուճապ է առաջացրել: Aravot.am-ի խմբագրություն ահազանգած գյուղացիներից մեկը, որը «Սպայկա»-ի հետ բերքը մթերելու պայմանավորվածություններ է ձեռք բերել, մտավախություն հայտնեց, որ եթե անգամ մեկ-երկու օր էլ անցնի` իր ողջ բերքը կփչանա եւ մեծ կորուստներ կկրի: Նրա խոսքերով` իր պես հարյուրավոր գյուղացիներ «չգիտեն գլուխները որ քարին տան»:
Aravot.am-ի հարցին, թե տեղյակ չե՞ն, որ գյուղացիները արդեն իսկ խնդիրների առաջ են կանգնել: Ռոբերտ Մակարյանը պատասխանեց. «Խնդրին տեղյակ ենք եւ հիմնական հարցը ֆինանսական միջոցների անբավարարությունն է, ինչը պետք է, արտահանումը սկսելուց առաջ, ճիշտ պլանավորեին ընկերությունները: Գյուղացիները կարող են չանհանգստանալ, եթե «Սպայկան» պլանավորել է 4000 տոննա ծիրան արտահանել, մոտավորապես 2000-ի գնումն արդեն իրականացրել է, մնացածի խնդիրը մնացած արտահանողները կլուծեն»:
Պարոն Մակարյանի խոսքերով, իրենք այս պահին բանկերի հետ բանակցություններ են տանում` լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավվման համար: Մեր հարցին, թե գյուղացիներին հանգստացնելու համար գյուղնախարարությունն ի՞նչ է անում մինչեւ հարցը կլուծվի, փոխնախարարն ասաց. «Կփորձենք ճշտել խնդիրները եւ այլ արտահանողների կուղղորդենք այդ տարածաշրջաններն ու գյուղերը, եւ որեւէ խնդիր չի լինի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ