Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ՀԱԿ առանցքային դեմքերից մեկի՝ Դավիթ Շահնազարյանի պասիվությունը: Ի պատասխան՝ նա նշեց, որ Դավիթ Շահնազարյանի մամուլի խոսնակի դերին չի հավակնում: Մեր դիտարկմանը՝ որ Դուք ՀԱԿ համակարգողն եք, պետք է, որ իմանաք՝ Ձեր առանցքային դեմքը ինչո՞ւ չի գալիս հանրահավաքներին, ինչո՞ւ դաշտում ակտիվ չէ՝ նա պատասխանեց. «Դավիթ Շահնազարյանը վերջերս շարժման մեջ իսկապես պասիվ է, բայց ինքը ինձ չի լիազորել որեւէ բացատրություն տալ իր անունից: Ինքը ինձ որեւէ լիազորություն չի տվել պատասխանել ձեր հարցին: Ես կարծում եմ, որ նույն համառությամբ ավելի ճիշտ է փորձել պատասխանները ստանալ իրենից»:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, որ Դավիթ Շահնազարյանը Միացյալ Նահանգներ է մտադիր մեկնել՝ մշտական. «Չեմ կարծում, որ դա ճիշտ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ