ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանի համոզմամբ, շատ քիչ ժամանակ հետո պարզվելու է քաղաքական դաշտում ով ում ջրաղացին է ջուր լցնում, ով ում պատվերն է կատարում: «Հայաստանյան քաղաքական դաշտում ընդունված է՝ բոլորը բոլորին մեղադրում են, դավադրությունների մեջ են կասկածում, բայց ի վերջո հասարակությունը դրան պետք է համապատասխան արձագանք տա»,- այսօրվա ասուլիսում ասաց պարոն Արզումանյանը:
Նախագահական ընտրությունների նախաշեմին, պատգամավորը դժվարացավ կանխատեսել զարգացումները: Պարույր Հայրիկյանի թեկնածության մասով կարծիք հայտնեց, որ ընտրություններին լրացուցիչ կոլորիտ կտա. «Ինչ վերաբերում է համագործակցությանը, նախագահական ընտրություններում շատ կարեւոր է միասնական ճակատով հանդես գալ ընդդիմադիր դաշտին, որովհետեւ անձնավորվում է ձայնը, եւ հասարակությունը նույնացնում է իր ձայնը կոնկրետ մարդու հետ : Ինչքանով կհաջողվի մեզ՝ ընդդիմադիր գործիչներիս, ժամանակը ցույց կտա: Այս պահին բավականին հատվածական է ընդդիմադիր դաշտը, եւ միտումները շատ ավելի անջատողական են, քան միավորող: ՀԱԿ-ը, որ ամենալայն միավորումն է ընդդիմադիր դաշտի, կորուստներ է կրում եւ կարող է շարունակվել… այս պահին գնում է տարանջատման գործընթաց»:
Պարոն Արզումանյանը նախագահական ընտրություններում Վարդան Օսկանյանի հնարավոր առաջադրման մասով ասաց, որ իրեն չի հետաքրքրում, բայց դեմ էլ չէ նրա առաջադրվելուն. «Օսկանյանը երբեւէ չի եղել նույն թիմի անդամը կամ գաղափարակից համախոհը»:
Կարդացեք նաև
Պատգամավորն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի ներքին խնդիրներին ու կարծիք հայտնեց, որ Կոնգրեսից կուսակցությունների հեռանալը հնարավոր է նոր լիցք տա. «Կարող է էլ ավելի ուժեղացած դուրս գակ ՀԱԿ-ը այս գործընթացից… ամեն մեկի դուրս գալով երեւի նոր թափ, նոր լիցք կստանա ՀԱԿը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ