ՀՀ առաջին նախագահ եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքային իր վերջին ելույթում նշել էր, որ ոչ ոք չի կասկածում, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո Սերժ Սարգսյանը եւ ավազակապետությունը թուլացավ: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ իսկ ՀԱԿ-ը այս ընթացքում չի՞ թուլացել: Նա հարցին հարցով պատասխանեց. «Երբ անցյալ տարի մարտի 17-ին եղավ ամենամեծ հանրահավաքներից մեկը, որն արդեն հավասարազոր էր, համեմատվում էր 2008-ի փետրվարյան հանրահավաքների հետ, ՀԱԿ-ի թուլացման մասին խոսվել է ընդամենը 2010-ի նոյեմբերին, դեկտեմբերին, այն ժամանակ եղել են մեր ամենափոքր հանրահավաքները: Քաղաքական կոնյունկտուրայով զբաղվող վերլուծաբանները խոսում էին ՀԱԿ-ի թուլացման մասին: Դա լուրջ չի, հասկանում եք, եւ 2011-ի մարտյան մեր հզորությունը դա ապացուցեց: Հանրահավաքները կարող են մեծ լինել, կարող են փոքր լինել: Դա կապված է տարբեր քաղաքական գործոնների ազդեցությունից, բայց դա ոչինչ չի նշանակում»:
Ըստ Զուրաբյանի մեկնաբանության, գոյություն ունի շարժման կորիզ, դրանից դուրս մարդիկ կարող են հիասթափվել, պասիվանալ, կարող են նորից ոգեւորվել, նորից ակտիվանալ. «Նրանք գնում են եւ գաիս են, դա շատ նորմալ գործընթաց է: Թուլացման մասին կարող ենք խոսել միայն մեկ դեպքում, երբ փլուզվում է շարժման կորիզը: Այ նման բան ոչ միայն չի եղել, այլ եղել է հակառակը: Մեր շարժման կորիզը շատ ավելի մեծ է այսօր, շատ ավելի կազմակերպված, շատ ավելի համախմբված, շատ ավելի հույսով լի»:
Մեր հարցին՝ կորիզի մեջ ովքե՞ր են մտնում՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Հիմա դուք ուզում եք, որ անուն առ անո՞ւն ասեմ, շատ են: Մի քանի հազար մարդ է: Իհարկե, կորիզն էլ է փոխվում, եթե կորիզի մեջ մի 20 հազար մարդ է մտնում, կարող է մի քանի հարյուր մարդ դուրս գալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ