Aravot.am-ն այսօր ներկա էր ԵՊՀ-ում «բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությանը, որով «ստուգվում» են ապագա լրագրողները: Օրինակ՝ դիմորդներից մեկը պատկերացնում էր, որ եթե խմբագիր դառնա, բացառապես անգույն (նկատի ունի սեւուսպիտակ) թերթ է հրատարակելու, իսկ ամսագրի պարագայում՝անպայման սիրուն ու գունավոր: Մի դիմորդ էլ որոշել է իր ապագա ամսագրի ամեն համարում Արարատ լեռան նկարները զետեղել, որպեսզի սփյուռքահայերին գրավի:
Քննական հանձնաժողովի անդամներն ապշեցին մեկ այլ դիմորդուհու պատասխանից. «Հնարավորության դեպքում ի՞նչ հարց կուղղեիք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային» հարցին, նա ժպտալով պատասխանեց՝ կհարցնեի ի՞նչ նախասիրություններ ունի, ի՞նչ է մտածում, երբ վատ-վատ բաներ են խոսում իր մասին: Նման դիմորդների կողքին կային նաեւ ակտիվ, տեղեկացված եւ գեղեցիկ հայերենով խոսող երեխաներ: Օրինակ՝ 20 միավոր ստացած դիմորդի մասին քննասենյակից դուրս եկած մյուս դիմորդներն էլ էին հիացմունքով խոսում:
Aravot.am-ը քննական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխխմբագիր Արմեն Հովակիմյանին խնդրեց կարծիք հայտնել այս տարվա դիմորդների պատրաստվածության մասին: «Ունեցել ենք մեկ փայլուն պատասխան, երեխան հրաշալի տիրապետում էր լրատվական դաշտին, գիտեր՝ ինչ տպագիր, էլեկտրոնային լրատվամիջոցներ գոյություն ունեն, որ լրագրողները՝ որ ոլորտում են հայտնի, ընդհանրապես լրատվության դերն ու նշանակությունը հասարակության կյանքում: Ցավոք, շատերը բավականին աղոտ են պատկերացնում լրագրողի մասնագիտության հիմնական նշանակությունը եւ լրագրող ասելով՝ պատկերացնում են ժամանցային հաղորդումներ վարող, թեթեւ, մակերեսային, ոչ խորքային նյութի մատուցում»-ասում է Հովակիմյանը: Նաեւ փաստում է. «Ընդհանուր առմամբ, այս տարի միջին մակարդակ է առկա, զգացվում է, որ երիտասարդների մեջ հետաքրքրություն դեպի ժուռնալիստիկան կա, ուղղակի լավ կլինի, որ այն երեխաները, ովքեր վաղը-մյուս օրը համալրելու են լրատվական դաշտը, իսկապես հասկանան, որ դա ծանր, լուրջ եւ պատասխանատու մասնագիտություն է՝ բժշկի մասնագիտության նման եւ կապված է մարդկանց ճակատագրերի հետ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ