Լրահոս
Օրվա լրահոսը

Նաղաշ Մարտիրոսյան. Քննական հանձնաժողովը չի մեղանչում խղճի, բարոյականության եւ արդարադատության առաջ (Տեսանյութ)

Հունիս 29,2012 14:21

Այսօր Երեւանի պետական համալսարանում բանավոր հաղորդակցման մշակույթից քննություն էին հանձնում ապագա լրագրողները:

Քննական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասաց, որ տպավորությունները հակասական են. լսել են ե՛ւ փայլուն պատասխաններ, ե՛ւ հանդիպել բացարձակ անտեղյակության: Հանձնաժողովի նախագահի խոսքով, երբեմն երեւանաբնակ դիմորդներն ավելի անհաջող պատասխաններ են տալիս, քան մարզաբնակները, չնայած հանձնաժողովն ունեցել է մտահոգություն, որ  հնարավոր է, դիցուք, մարզերց եկածները չիմանան որեւէ հեռուստատեսության, տպագիր թերթի, առցանց պարբերականի անուն:

Պարոն Մարտիրոսյանի ասելով, «բանավոր հաղորդակցման մշակույթ» քննության նպատակը հետեւյալն է. «Ճշտել դիմորդի ճանաչողական իմացությունը ընտրած ոլորտի վերաբերյալ, ստուգել՝ եթե որոշել է լրագրող դառնալ եւ  դրսեւորվել լրատվադաշտում, արդյոք տեղյա՞կ է լրատվադաշտից, հետեւո՞ւմ է լրահոսին, թե իր սիրած հաղորդումները ընդամենը հումորային, ժամանցային ծրագրեր են, կամ ռադիոընկերություններից միայն այն հաղորդումներն է լսում, որոնք առավոտից երեկո զբաղված են ռաբիս երաժշտության քարոզով»: Մեր զրուցակիցն ասում է, որ «բանավոր հաղորդակցման մշակույթ» քննությունն օգնում է ճշտել դիմորդի ճանաչողական իմացությունը, բառապաշարը, բանավոր խոսքի մշակույթը այնպես, ինչպես գեղարվեստի պետական ակադեմիայում գունանկարը եւ գծանկարը, կամ կինոյի եւ թատրոնի ինստիտուտում՝ դերասանի վարպետությունն ու բեմական խոսքի կուլտուրան:

Ի դեպ, հարցերը բարդ չեն: Օրինակ՝ «եթե հյուրընկալեք ձեր սիրելի արվեստագետին, գրողին, դերասանին, ինչի՞ մասին կխոսեիք, ի՞նչ հարցեր կհնչեցնեիք», «թվարկեք դերասանների, գրողների, նկարիչների անուններ», «հնարավորության դեպքում ի՞նչ հարց կուղղեիք ԱՄՆ, ՌԴ, ՀՀ նախագահին, ԿԳ նախարարին» եւ այլն:

Նաղաշ Մարտիրոսյանը փաստում է, որ 8:30-ից սկսվել է քննությունը, անբավարարից մինչեւ 20 միավոր է արձանագրվել,  ժամը 12-ի սահմաններում դեռ ոչ մի դիմորդ գնահատականի հետ կապված դժգոհություն չի հայտնել: Պատճառն, ըստ նրա, այն է, որ  քննական հանձնաժողովի անդամները ոլորտի փորձառու ներկայացուցիչներ են,եւ հանձնաժողովն էլ օբյեկտիվ է ու չի մեղանչում խղճի, բարոյականության եւ  արդարադատության առաջ:

Ի դեպ, քննություն տվող դիմորդների ծնողները ոչ միայն էկրանին տեսնում էին իրենց երեխաներին, այլեւ՝ լսում նրանց պատասխանները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930