Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ին պաշտպանելը «պուճո՞ւր» հարց է

Հունիս 29,2012 14:39

Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ արձանագրեց, որ հեռուստաընկերությունների մեծ մասը բոյկոտել է իր ասուլիսը ու չի եկել: Ներկա էր միայն Հ2-ը, չկար անգամ «Կենտրոնը»:  Aravot.am-ի հարցին՝ այն, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունն էլ է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո բոյկոտել Ձեր ասուլիսը, կարո՞ղ ենք ենթադրել, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի «գրկում» է, Զուրաբյանը պատասխանեց. «Ենթադրությունը ձեր գործն է, ես խոսում եմ փաստերից, քաղաքական հաշվարկներից: Որեւէ ենթադրություն անելու համար պետք է շատ հստակ հիմքեր ունենամ»:

Հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ի այս վերջին հանրահավաքին քիչ մարդիկ էին հավաքվել՝ Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս սեզոնի համար, երբ մի կարեւոր շրջադարձային փուլ ավարտված է եւ նորն էլ սկսված չէ, շատ նորմալ քանակ էր: Ավելին ասեմ՝ լսել եմ գնահատականներ, որ մարդիկ զարմացած են, թե ինչպես էր հնարավոր այսքան մարդ բերել Ազատության հրապարակ»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ` ՀԱԿ-ում երկփեղկվածություն կա՞ԲՀԿ-ին պաշտպանել-չպաշտպանելու մեջ. «Մեր քննարկումների մեջ ժամանակին եղել են խնդիրներ, տարակարծություններ, բայց հիմա տարակարծություններ գոյություն չունեն»: Մեր դիտարկմանը, որ դա ժամանակին չի եղել, հենց երեկ Պետրոս Մակեյանն ասաց, որ ինքը այդ հարցում տարաձայնություններ ունի, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. «Դե գիտեք ինչ, ես նկատի ունեմ, որ տարաձայնությունները որեւէ խնդիր չեն  ստեղծում: Եթե Մակեյանն ունի իր կարծիքը, մեր հռչակագրում գրված է, որ կուսակցություններն ինքնուրույն են եւ կարող են ինքնուրույն քաղաքական գործունեությամբ զբաղվել: Մեզ համար գլխավոր խնդիրները, որոնք միավորում են Կոնգրեսի մեջ մարդկանց, դա Սահմանադրական կարգի վերականգնումն է, Հայաստանի ժողովրդավարացումն է, խոսքի ազատությունն է, դա տնտեսական զարգացումն է, քրեաօլիգարխիկ համակարգից, մենաշնորհներից ազատվելն է: Սա է, որ միավորում է մեզ: Ինչ-որ պուճուր հարցերի շուրջ կարող են լինել տարակարծություններ, հիմա Մակեյանն էլ այդ կարծիքն ունի»:

Aravot.am-ի հարցին` կարո՞ղ ենք դիտարկել, որ ՀԱԿ վերջին հանրահավաքում ԲՀԿ-ին ուղղված «ձոնը» հերթական մեսիջն էր, եւ ընդհանրապես ի՞նչ կա դրա տակը, մի քիչ անկեղծացեք, նա պատասխանեց. «Դուք փորձում եք տակը փնտրել ինչ-որ բան, երբ ամեն ինչ ներկայացված է: Տեր-Պետրոսյանն այնքան պարզ է խոսել այս ամենի մասին, տակը ինչ-որ բան չկա: Ինչ որ կա՝ վերեւն է»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ից դուրս եկած ինչ-որ տարրեր խառնակչություն են մտցնում, կոնկրետ ո՞ւմ նկատի ուներ: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Հարցրեք իրենից: Ինձ թվում է՝ անխտիր բոլորը դրանով են զբաղված: Կոնկրետ չգիտեմ, ոչ էլ կարծում եմ, որ մանրամասնելու կարիք կա, բայց ակնհայտ է` ինչ է ասել նախագահը: Եթե ինքը անհրաժեշտ ու  նպատակահարմար գտներ՝ անուն առ անուն կասեր: Չեմ ուզում անունով ասել, որովհետեւ վստահաբար կարող ենք ինչ-որ մարդկանց նեղացնել, մարդկանց, որոնք իրականում այդ խառնակչության մեջ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930