Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական հեռուստատեսություն. անցյալ, ներկա եւ…

Հունիս 29,2012 14:08

Ասում են՝ Փարիզում մի աղքատ ծերուկ ինքնասպան է եղել, երբ կոնսյերժը, որը նրան թույլ էր տալիս իր հետ միասին հեռուստացույց նայել, տեղափոխվել է եւ իր հետ տարել «մուրազների արկղը»…

Դեռ ԱՄՆ-ի լուսահոգի նախագահ Ջոն Քենեդին էր ասում. «Մենք սպորտսմենների ազգ էինք. դարձանք հեռուստադիտողների ազգ»: Միեւնույն ժամանակ անգլիական սպորտային մեկնաբանների համերաշխ «երգչախումբը» պնդում է. BBC-ի սպորտային ծրագրերը նոր լիցք տվեցին սպորտի հանդեպ հետաքրքրությանը: Երեւի բազմազան եւ բազմապիսի վեճերի, քննարկումների միակ անվիճելի հետեւանքը սա է. հեռուստատեսությունը չի կարելի անտեսել:  Դա վերաբերում է ինչպես մոլի հեռուստադիտողներին, այնպես էլ նրա թշնամիներին: Այդ երկու խմբերն էլ պետք է գիտակցեն, թե որոնք են նրա վտանգները եւ ինչում է հզորությունը: Նման միանշանակ պատասխան չունեցող հարցերի մեկնությանն է նվիրված Վահագն Զաքարյանի՝ վերջերս լույս տեսած «Հայկական հեռուստատեսություն» գիրքը:

Գիրքն ունի «Հայկական հեռուստատեսության եւ հեռուստալրագրության զարգացման էտապները» ենթավերնագրերը եւ լիովին արդարացնում է դա: Մեր ազգային հեռուստատեսության պատմությունը բաժանված է հետեւյալ ժամանակաշրջանների՝ կայացման շրջան (1956-1965թթ.), Խորհրդային Հայաստանի հեռուստատեսություն (1965-1991թթ.), անկախացման տարիների հեռուստատեսություն (1991-1994թթ.), տնտեսական ճգնաժամի տարիների հեռուստատեսության գործունեություն (1995-1998թթ.), երրորդ հազարամյակի հայկական հեռուստատեսություն: Այն հանգամանքը, որ պատմությունն իրագործվել է ներկայում ապրող սերնդի աչքի առաջ, բնավ չի դարձնում դրա շարադրանքը ո՛չ դյուրին,  ո՛չ պարզունակ, ո՛չ էլ միանշանակ: Ընդհակառա՛կը: Քանի որ այդ պատմությանը միաձուլված են կենդանի մարդկանց կենսական շահերը, դրա շարադրանքն էլ ավելի է բարդանում:

Մեր կարծիքով գրախոսվող գրքի հեղինակը՝ 1998 թվականից հայկական հեռուստատեսության աշխատակից, բազմաթիվ հեռուստածրագրերի եւ ֆիլմերի հեղինակ, Իտալիայում  միջազգային փառատոնի դափնեկիր, բանասիրական գիտությունների թեկնածու եւ բուհական դասախոս Վ. Պ. Զաքարյանը, կարողացել է խուսափել անմիջական անցյալի վերլուծությանը սպառնացող երկու վտանգներից: Նա չի թերագնահատում Խորհրդային Հայաստանի հեռուստատեսության նվաճումները եւ  դերը հասարակական եւ մշակութային կյանքում եւ չի իդեալականացնում այն: Քաջատեղյակ լինելով հեռուստատեսության բարդությանը եւ զարգացման ներքին խոհանոցին՝ հեղինակը այդպես էլ, նույն բարդության մակարդակով, ներկայացնում է նրա պատմությունը: Այդ պատմությունը դիտարկվում է պատշաճ խորությամբ ներկայացված պատմական ֆոնի վրա, մյուս կողմից էլ մեծ ուշադրություն է դարձվում հեռուստատեսության տեխնիկական միջոցների առկայությանը եւ մասնագիտական օգտագործմանը: Հակիրճ, բայց խորը եւ դիպուկ նկարագրեր են տրվում նաեւ մեր հեռուստատեսության գործիչներին:

Իբրեւ հիշարժան նվաճում ցանկանում ենք նշել նաեւ գրքի հետեւյալ հատկությունը. այն բազմագործառույթ է: Այս գիրքը կարող է ծառայել իբրեւ դասագիրք, հանդիսանում է ինքնուրույն գիտական հետազոտություն եւ վերջապես՝ գրված լինելով մատչելի, բայց ոչ պարզունակ լեզվով, կարող է բավարարել զանգվածային ընթերցողի հետաքրքրությունը:

ՆԱՏԱԼՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930