Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի թիրախը վարչապետի աթո°ռն է

Հունիս 29,2012 14:10

«Այս պահին քաղաքական դաշտը զբաղված է նախագահական ընտրությունների նախապատրաստության աշխատանքներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա կարծում է, որ պետք է կատարվեն սահմանադրական բարեփոխումներ և Հայաստանը կիսանախագահական հանրապետությունից դառնա պառլամենտական: Պարոն Մարտիրոսյանը կառավարության ծրագիրը «ժամանակավոր» է համարում, քանի որ իր կարծիքով՝ 2013-ի նախագահական ընտրություններից հետո առաջանալու է ֆիզիկական և բովանդակային առումով նոր կառավարության ձևավորման անհրաժեշտություն:

Ըստ ժառանգական քաղաքական գործչի կանխատեսումների՝ սեպտեմբերին ՀՀ-ում նոր քաղաքական հոսանքներ կձևավորվեն և նախագահի թեկնածուների առավել մեծ ակտիվություն կգրանցվի: Վերլուծելով ԲՀԿ-ի քաղաքական պահվածքը՝ Ա. Մարտիրոսյանը նկատեց. «ԲՀԿ-ի հետ կապված որոշակի անհայտություն կա, քանի որ որքան էլ որոշ քաղաքական գործիչներ փորձում են ԲՀԿ-ին տեսնել ընդդիմադիր դաշտում, միևնույն է, ԲՀԿ-ն ինքն իրեն չի ցանկանում տեսնել ընդդիմադիր դաշտում: Ուստի դժվար է կանխատեսել ԲՀԿ-ի հետագա քայլերը, քանի որ կառավարության ծրագրին դեմ են, բայց կառավարության նախաձեռնություններին, օրենքներին կողմ են քվեարկում, նախագահի հետ կապված որևէ խնդիր չունեն: Կարծես թե նրանց թիրախը կառավարությունն է, վարչապետի աթոռը, ուստի ԲՀԿ-ից էական տեղաշարժեր սպասել չեմ կարող»:

Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լինել ընդդիմության համախմբող, այլընտրանքային թեկնածուն: Այս առիթով Ա. Մարտիրոսյանը նշեց. «Հույս ունեմ, որ ընդդիմությունն ինքը կաջակցի «Ժառանգությանը»` նախագահական ընտրություններին, քանի որ նախկինում մենք ենք աջակցել ընդդիմությանը: Եթե այդ աջակցությունը չլինի, որոշակի բացասական հետևանքներ կթողնի քաղաքական  դաշտի վրա»: Ա. Մարտիրոսյանի կանխատեսմամբ՝ նախագահի հավանական թեկնածուներ կարող են լինել Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և այն անձինք, ովքեր արդեն հայտնել են իրենց առաջադրման մասին: Նա չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին հրապարակային մասնակցություն կունենա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930