Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեւանի՝ գրքի մայրաքաղաք լինելը մեծագույն սուտ է»

Հունիս 29,2012 13:52

Բանաստեղծ Վահե Արսենը՝ Ռոտերդամի պոեզիայի փառատոնի ու հայկական իրականության մասին

Բանաստեղծ Վահե Արսենը նոր է վերադարձել Ռոտերդամից, որտեղ հունիսի 11-17-ը մասնակցում էր Ռոտերդամի պոեզիայի միջազգային 43-րդ փառատոնին: Հայաստանից միայն ինքն էր, իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհից 20 հոգի է հրավիրված եղել: Վահե Արսենը նշում է, որ ընտրությունը կատարվել է բարձրագույն չափանիշներով, մի քանի տարվա ընթացքում: Հայ բանաստեղծի «Կանաչ աստվածների վերադարձը» գիրքը 2010 թվականին հոլանդերենով հրատարակվել էր (թարգմանիչ՝ Աննա Մարտիրոսյան-Հանեկե Մաթաար) եւ ստացել այդ երկրի «Տարվա լավագույն բանաստեղծական ժողովածու» մրցանակը: Ի դեպ, Վահե Արսենը հոլանդերեն թարգմանված առաջին հայ հեղինակն է, վերջերս այդ լեզվով լույս է տեսել նաեւ «Սասնա ծռերը»:

Մեր զրուցակիցը տպավորված էր աշխարհում խոշորագույն պոեզիայի փառատոնով, որի կարգախոսն էր՝ «Ամեն բառ փոխվում է, երբ արտասանվում է»: Ասում է՝ յուրաքանչյուրն իր գործերը ներկայացնում էր մայրենի լեզվով, իսկ էկրանին զուգահեռ «գնում» էին անգլերեն եւ հոլանդերեն թարգմանությունները: Վահե Արսենը մասնակցել է բազմաթիվ ընթերցումների ու քննարկում-բանավեճերի, ունեցել թանգարանային այցելություններ:

«Տեսա, որ պոեզիան Հոլանդիայում մարդկանց համար արժեք ունի եւ ոչ թե ինչ-որ նոստալգիկ երեւույթ է: Ընթերցումներին գալիս էին տարբեր տարիքի մարդիկ, հետաքրքրվածությունը մեծ էր, հարցնում՝ ե՞րբ է մյուս ընթերցումը: Իսկ մենք լիովին ազատ էինք՝ խոսիր ինչ ուզում ես»,-պատմում է բանաստեղծը: Նաեւ հավելում է. «Իրենք շատ լավ տեղյակ էին Հայաստանի մշակույթի նախարարության՝ իմ հանդեպ ինկվիզիցիայից, իրենք հենց անհատներ էին ընտրել փառատոնին մասնակցելու համար, օրինակ հնդիկ մասնակիցը դիսիդենտ գրող է, պաղեստինցի արաբ մասնակից Դարվիշը՝ նույնպես: Վերջինիս առաջին բանաստեղծական ժողովածուն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Փառատոնի սկզբունքներից մեկն էլ այն է, որ պալատական գրողներին չեն ընդունում, իրենք շատ լավ տարբերում են պալատական գրողներին ու կեղծ ճանաչումը»:

Դառնալով հայաստանյան իրականությանն ու գրական «իրավիճակներին»՝ Վահե Արսենն ասում է. «Հիշում եք, թե ինչպես մեր երկրի մշակութային գերատեսչությունը ինձ կրճատեց-հանեց «Գրական տապանի» ցանկից: Հայաստանում ինձ միայն խանգարում են, հաճախ եմ պատի հանդիպում, ասես գոյություն չունենամ: Հայաստանում կան խմբավորումներ-ոհմակներ, որտեղ մի պատառը բերում՝ մի քանի հոգով հոշոտում, կամ էլ իրենց մեջ որոշում են, թե ոհմակից որ մեկին այդ տարի մեծ պատառ բաժին հանեն: Դրա համար մեզանում չկա գրական մթնոլորտ, ընդամենը ձեւական շքերթ է, շչակներ, որոնք ազդարարում են Երեւանի՝ գրքի մայրաքաղաք լինելը, բայց իրականում դա մեծագույն սուտ է: Գրքի մայրաքաղաքում գոնե տրանսպորտում կամ մետրոյում մեկի ձեռքին գիրք պետք է տեսնես: Գրքի մայրաքաղաքի կազմակերպիչները պետք է գրողներին ներգրաված լինեն, իսկ ես ոչ մի իրական գրողի չտեսա էդ գործում: Իհարկե մի քանի պալատական գրող գովեցին տոնը, չէ՞ որ պալատականները էդպես են՝ խլրտում են ժամանակավոր թագավոր-թագուհիների ոտքերի մոտ, ինչը ամենեւին իմ ճանապարհը չէ: Ռոտերդամում ես շփվեցի փառատոնի փորձագետների ու տնօրենի հետ՝ բոլորը բարձրագույն էրուդիցիայով ու իրենց գործից տեղյակ մարդիկ էին, գիտեին 3-ից ավելի լեզուներ, հոյակապ տիրապետում էին գրական պրոցեսներին եւ գրականությանն առհասարակ»:

Փառատոնի մասնակիցներից 6-ի, այդ թվում Վահեի մասին դրական է արտահայտվել նաեւ տեղի P.E.N.-ը:

Պոեզիայի փառատոնից վերադարձած հայ բանաստեղծը յուրօրինակ պատվի է արժանացել. բոլոր հեղինակների բանաստեղծությունները՝ դրոշակների վրա այլեւս ծածանվում են Ռոտերդամի կենտրոնական հրապարակում, իսկ նրա գրքերը ցուցադրվել են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված Ամստերդամում կայացած ցուցահանդեսում:

«Այս պահին չեմ մանրամասնի, բայց արդեն 3 հրավեր ունեմ՝ տարբեր երկրներից: Մեկնելու եմ՝ ինչքան էլ ինձ խանգարեն մանրումեծ պաշտոնավորիկները: «Դրսում» հասկացա, որ այնտեղ կարող ես մաքուր արվեստով ինչ-որ բանի հասնել: Չնայած իմ երկրի մեծագույն սիրահարն եմ, բայց չեմ կարող չփաստել, որ արվեստն ավելի հարգի է «դրսում», քան ճղճիմ իրավիճակում հայտնված մեր երկրում, որտեղ աբսուրդը սկսվում է հենց օդանավակայանից»,- նշում է Վահե Արսենը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930