Այսօր «Հայելի» ակումբում նախագահի՝ եթերային քաղաքականությունը փոխելու վերաբերյալ հանձնարարականի շուրջ բանավիճեցին բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը և գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Մարինե Պետրոսյանը նկատել է, որ եթերային քաղաքականությունը փոխել ցանկացողների շրջանում համատարած նեգատիվիզմ է տիրում. «Ասում են՝ այս կամ այն սերիալը փակենք, կամ դրանց լեզուն դարձնենք գրական: Բայց սերիալների սյուժեն լեզվի փոփոխությամբ չի մաքրվի: Մարդիկ իրենց մեջ ջղայնություն են հավաքում եւ թափում հեռուստատեսության վրա»: Բանաստեղծուհին այն կարծիքին է, որ հեռուստաեթերի միակ պոզիտիվն, այսպես կոչված, կոպիտ եւ սեւ հումորն է . «Դա Հայաստանի իրականությանը կպնելու միջոց է: Հեռուստաեթերի մաքրման արշավն իրականացնողներն ուզում են այս կամ այն սերիալը փակել եւ եթերը դարձնել թանգարանային բան: Եթե մտածում են, թե սերիալներից բռնությունը հանելով՝ դրանց որակը կլավանա, սխալվում են: Դա պարզապես մանկամտություն կլինի»:
Հաղթանակ Շահումյանի խոսքով՝ եթերից հնչող գռեհկաբանությունը եվ հայհոյանքները հումոր չեն. «Կամ երբ աջարական խաչապուրին համեմատվում է կնոջ սեռական օրգանի հետ, ինչպե՞ս կարելի է դա հումոր անվանել: Հիմա մենք ազգային ինքնությո՞ւն ենք ուզում ունենալ, թե՞ պոռնկություն ցուցադրող եթեր, որի լեզվում շատ են օտարամոլ բառերը»: Գեղանկարիչը Մարինե Պետրոսյանին նաեւ ասաց, որ դեմ է սահմանափակումներին. «Բայց ձեզ դու՞ր է գալիս, երբ եթերից տեսնում ենք հորջորջված գավառական աստղերի՝ մեկի ծոցում քնած կամ ծնունդ անելիս»:
Կարդացեք նաև
Բանաստեղծուհուն նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հեռուստաեթերը փոխել ցանկացողները շեշտում են ազգայնականությունը եւ հայրենասիրությունը. «Առաջին հայացքից դա նորմալ է թվում, բայց առաջնահերթ պետք է քաղաքական եւ իրավական դաշտերի խնդիրները ձեւակերպել: Մինչդեռ ազգայնականություն բառի տակ ազգային խոհանոց եւ պարեր են հասկանում»: Բանատեղծուհին հավելեց, որ ինտերնետ-հեռուստատեսության շնորհիվ կարելի է ցույց տալ այն, ինչ պահանջվում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ