Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտպանները խնդրեցին ընթերակային բացել դեմքը

Հունիս 29,2012 13:42

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ընթերակային բերել էին՝ դեմքը շարֆով փակված:

Որդիս՝ Գ. Խաչատրյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրօրի 266 եւ 268 հոդվածներով (թմրամիջոցների օգտագործում եւ իրացում), որը քրեական գործերով վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է անփոփոխ:

Պարոն նախագահ, ես համաձայն եմ, որ եթե որդիս կատարել է այդ արարքները, ապա կրի իր օրինական պատիժը: Սակայն առաջին ատյանի դատարանում, այնուհետեւ նաեւ վերաքննիչ դատարանում եղել են այնպիսի խախտումներ, որոնք, մեղմ ասած, կասկածներ են առաջացրել դատական ակտերի օրինականության վերաբերյալ:

Չծանրաբեռնելու համար ցանկանում եմ ներկայացնել դրանցից միայն մի քանիսը:

Որդուս ավտոմեքենայի խուզարկությանը, ըստ գործի նյութերի, մասնակցել է 2 ընթերակա: Դատարանում ցուցմունք տալու ժամանակ առաջին ընթերական հայտնել էր, որ ինքը ոստիկանների կողմից կատարված որեւէ գործողության ներկա չի եղել, իրեն «զոռով» էին տարել ոստիկանություն, որտեղ ստիպել էին ստորագրել ինչ-որ թղթի տակ, նա ավելացրել էր նաեւ, որ գրել-կարդալ չգիտի: Գործով փաստված է նաեւ, որ տվյալ անձը տառապում է «օլիգոֆրենիա, դեբիլություն» ախտորոշմամբ հիվանդությամբ:

Ինչ վերաբերում է երկրորդ ընթերակային, ապա նիստերը մի քանի անգամ հետաձգելուց հետո դատարան բերման ենթարկվեց ինչ-որ մի անձնավորություն: Նշված անձի դեմքն ամբողջությամբ փակ էր, գլխին առկա էր գլխարկ՝ մինչեւ աչքերը քաշած, պարանոցը, բերանը եւ քիթն ամբողջովին փաթաթված էին շարֆով, իսկ աչքերին դրված էր ակնոց: Պաշտպանական կողմը խնդրեց, որ տվյալ անձը բացի իր դեմքը՝ համոզվելու նրա ինքնության մեջ, սակայն դատարանը շարունակել էր նիստը (իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար ներկայացնում եմ այդ ընթերակայի լուսանկարը՝ դիմակով):

Որդուս ավտոմեքենան զննության էին ենթարկել առանց համապատասխան որոշման, որը օրենքի պարտադիր պայման է: Ըստ գործի նյութերի, որդուս ոստիկանություն բերման էին ենթարկել իբր 2011թ. հուլիսի 23-ին, ժամը 21:30-ին, որից հետո նրանից վերցրել էին փորձանմուշ: Հերթապահ բժշկի կողմից փորձանմուշ վերցնելու ժամը նշված է նույն օրվա 19:50-ը: Հարց է առաջանում, այդ ինչպես էր որդիս բերման ենթարկվել 21:30-ին, եթե փորձանմուշը վերցվել է դեռեւս 19:50-ին: Իրականում որդիս տարվել էր ոստիկանություն ավելի շուտ, որը գործի համար ուներ էական նշանակություն:

Որդուս մեղադրել են նաեւ մյուս մեղադրյալի տված իրարամերժ, հակասական եւ գործում առկա փաստերի հետ չհամընկնող ցուցմունքների հիման վրա (ի դեպ, այս անձը տառապում է երկրորդ աստիճանի ալկոհոլիզմով): Այս բոլոր փաստերին դատարանն արժանի ուշադրություն չի դարձրել, եւ այնպիսի տպավորություն էր, որ դատավորների համար միեւնույն է, թե ինչ է տեղի ունեցել, եւ նրանք նախապես արդեն որոշել էին գործի ելքը:

Պարոն նախագահ, այն, ինչ ներկայացրեցի, հիմնավորված են փաստերով: Գործում առկա են նաեւ այլ կոպիտ խախտումներ, որոնք Ձեզ չծանրաբեռնելու համար չեմ ներկայացրել: Ներկա դրությամբ մենք դիմել ենք ՀՀ Վճռաբեկ դատարան: Դիմելով հրապարակավ Ձեզ՝ խնդրում եմ օգնեք վերականգնելու արդարությունը, նորից եմ կրկնում, ես դեմ չեմ, որ իմ որդին կրի պատիժ իր կատարած արարքի համար, սակայն չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ որդիս կարող է պատիժ կրել իր չարած արարքի համար:

Հարգելի պարոն նախագահ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը:

ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930