Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների գումարների հետքերով

Հունիս 29,2012 13:38

«Առավոտն» օրեր առաջ տեղեկացրել էր, որ ցեղասպանության զոհերի ժառանգների հարցով Հայաստանի արդարադատության նախարարությունը ստացել էր ամերիկյան դատարանում գործը ներկայացրած հայ փաստաբանի՝ Վարդգես Եղիայանի պարզաբանումները:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Վարդգես Եղիայանի օգնականը՝ Արմեն Մանուկ-Խալոյանը, հաստատեց, որ Լոս Անջելեսի Կենտրոնական շրջանի դատարանում 1 տարի է, ինչ քննության է դրված «Հայկական ցեղասպանությանը վերաբերող գործը»:

Այն առնչվում է իրավահաջորդների փոխհատուցման գումարների բաշխման հետ: Վարդգես Եղիայանի փաստաբանն է Ռոբինս Ռոման Սիլբերֆելդը:

Ճանաչված հայ փաստաբանը ներկայացրել է այնպիսի փաստեր, որոնք լրացուցիչ հետաքննության անհրաժեշտություն են առաջացրել:

Այդ իսկ պատճառով ամերիկյան դատարանում հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 27-ին:

Վարդգես Եղիայանի փաստաբանը՝ Ռոբինս Ռոման Սիլբերֆելդը, ամերիկյան դատարանին է ներկայացրել մի շարք միջնորդություններ: Մասնավորապես, հայտնելով, որ մոտ 2,1 միլիոն դոլար փոխհատուցման գումարից փոխանցվելու է հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին:

Փոխհատուցման գումարներից, ըստ գործի նյութերի, 500, 000 դոլար է նաեւ տրամադրվելու 36 հայցվորների, որոնց գործերը «կորած» են: Հայ փաստաբանն առաջարկել է առայժմ գումարը չվճարել, մինչ գործերը կգտնվեն:

«Այս կորած գործերը գտնելու հարցում հարկավոր է լրացուցիչ ստուգումներ կատարել, ինչպես նաեւ ցուցմունքներ պահանջել»,- ասել է հայ փաստաբանի ներկայացուցիչը:

Ի դեպ, միայն «Հոլսթհաուս, Քարլին ու Վան Թրիկտ» ընկերության կողմից ստուգման ժամանակ հաշվապահները 17 մուրհակներ (չեկեր) են գտել, որոնց ընդհանուր գումարը կազմել է 312, 363 դոլար, եւ որոնք, պարզվել է, ստորագրված են եղել այլ անձանց կողմից:

ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված պարզաբանումներից, որոնց մի օրինակը իրավաբանական գրասենյակն ուղարկել է նաեւ «Առավոտ», տեղեկացանք, որ Եղիայան իրավաբանական գրասենյակի աշխատակիցները կազմել են գործերի կատալոգը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ պակասում է 38 գործ (1, 5 մլն դոլարի չափի), որը բաշխված է եղել արդեն, իսկ 500,000 դոլարը՝ դեռ չբաշխված:

Խոսք է գնացել «Կիրակոս եւ Քաբաթեք» գրասենյակների մասին, որտեղ մի գործ անգամ չի գտնվել, որպեսզի կապվեն հայցվորների հետ, որոնք կասեն վճարված գումարների կամ «կորած» գործերի մասին:

Ըստ հայ փաստաբանի ներկայացուցչի. «սա ձեռնարկվեց, որովհետեւ կորսված գործերի վճարումների միջին գումարը գերազանցում է մնացած գործերի միջին գումարին»:

Վ. Եղիայան իրավաբանական գրասենյակը հետաքննություն էր անցկացրել նաեւ մուրհակների տակ դրված ստորագրությունների հետ կապված. «Հայցվորների հետ կապվելու ժամանակ հաստատվեց, որ որոշ անձնավորություններ նույնիսկ երբեք չեն դիմել: Որոշ անձինք դիմել են մեկ կամ երկու հետնորդի անվան տակ, բայց ըստ ցուցակների, նրանք հաստատվել են մի քանի գործերի վճարումների համար: Կան նաեւ անձնավորություններ, որոնք ստացել են մեկ կամ երկու վճարումներ, իսկ նրանց պատկանող մնացած մուրհակները յուրացրել են այն անձինք եւ մանրացրել են այդ դրամները»:

Փոխհատուցման մուրհակներից ընտրվել էր 17 մուրհակ: Ըստ ամերիկյան դատարան ներկայացրած բացատրության, շուրջ 300, 000 դոլար արժողության մուրհակները հաստատված են եղել «Բոյաջյան եւ գործընկերներ» կազմակերպության կողմից (փաստաբան Պերջ Բոյաջյանի գլխավորությամբ): Մուրհակները դրվել են «Փաստինք Վեստըրն» բանկային հաշվում, որի բանկային հաշվեհամարը պատկանում է փաստաբան Պ. Բոյաջյանին: Վերջինս նաեւ «ԱՔՍԱ» հիմնադրամի տնօրենի ծանոթն է, որը հայտնել էր, թե տեղյակ չէ, ինչպես են գումարները հայտնվել Պ. Բոյաջյանի ձեռքում: Այս դրվագի հետ կապված՝ Վ.Եղիայան գրասենյակը կապվել էր Սիրիայում բնակվող քաղաքացու հետ, որը ոչ միայն դիմում չի գրել, ոչ միայն իրավահաջորդ չէր, այլ նրա գործը համարվել է կորած…

Մայիսի 12-ին «ԱՔՍԱ» հիմնադրամի տնօրենը ցուցմունք է տվել ամերիկյան դատարանում: Խոսք է գնացել թվագիր 12 մուրհակների մասին, որոնք ցուցմունք տալու ժամանակ վկան չի հիշել, թե ինչպես կարող էին նման կերպ ստորագրված լինել:

Հիմնադրամի տնօրենն ասել է, որ Պ. Բոյաջյանին մուրհակ չի տվել, ոչ էլ փոխանցել:

Մեր հարցին, ի վերջո, հայաստանաբնակ իրավահաջորդներին ի՞նչ է սպասվում, գումարների փոխհատուցման հետ կապված, գործերի մեջ կա՞ն կորած նաեւ Հայաստանից, Վ. Եղիայան գրասենյակից տեղեկացրին, որ 75-100 անձ, որոնց գործերը հաստատվել են ու դեռ չեն ստացվել, նույնպես կստանան իրենց փոխհատուցման գումարը:

Չի բացառվում, որ ամերիկյան դատարանում հնարավոր պատասխանող ճանաչվի «Փաստինք Վեստըրն Բանկը», որը պիտի ճշտում մտցնի. ինչպես է դրվել գումարը բանկում, երբ «ճիշտ անձը» չի ստորագրել:

Այսինքն՝ հասցեատերն ո՞վ է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930