Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովուրդների Բարեկամություն» այգին՝ Դավիթաշենում

Հունիս 29,2012 13:34

Երբ ՀՀ կառավարությունը հողհատկացումը հաստատի, շինարարությունը կմեկնարկի

Դավիթաշեն վարչական շրջանում նախատեսվում է հիմնել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող այգի, որը կկրի «Ժողովուրդների Բարեկամություն» անունը: Այգին կզբաղեցնի 2,3 հա տարածք եւ կունենա 4 գլխավոր դարպաս: Ըստ նախագծի, որի հեղինակը Կրասնոյարսկի շրջանում գործող «Ստիմեքս» շինարարական ընկերության տնօրեն Վլադիմիր Վոպիլովն է,

այգում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ հուշակոթող: Կենտրոնական կոթողը կունենա զանգակատուն, որի 4 կողմերում Ռուսաստանը եւ Հայաստանը մարմնավորող երկու կնոջ եւ երկու տղամարդու բրոնզե արձաններ կտեղադրվեն:

«Առավոտի» հետ զրույցում «Ստիմեքս» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Սիմոն Ալավերդյանն ասաց, որ հայկական կողմի հավանությանն արժանացած այս ծրագիրն իրականացնելու համար գրեթե ամեն ինչ պատրաստ է: Այգու հիմնադրման վայրն ընտրվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով՝ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է տարածքը եւ հողհատկացում արել: Սակայն այժմ մնում է միայն, որպեսզի կառավարությունը հաստատի այն, որպեսզի սկսվի շինարարությունը: Իսկ գործի մեկնարկի համար էլ քաղաքային իշխանությունները պետք է «Ստիմեքս» ընկերության ղեկավար Վլադիմիր Վոպիլովին պաշտոնական հրավեր ուղարկեն:

Ս. Ալավերդյանի խոսքերով. «Այգու համար տարածքի ձեռք բերումը եւ ֆինանսավորումը կկատարի ռուսական կողմը: Սակայն այս գործում իրենց ներդրումը կունենան նաեւ Կրասնոյարսկում բնակվող  հայազգի մեծահարուստները: Ողջ նախագծի արժեքը 35-40 միլիոն դոլար է»:

Հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող կառույցն իր տեսակով միակը կլինի ԱՊՀ երկրներում: Ի դեպ, համալիրի կառուցման գաղափարի գործում մասնակցություն ունի նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, որն առաջարկել է կառույցը նվիրել 1813 թվականի Ռուսաստանի կայսրության եւ Պարսկաստանի միջեւ կնքված Գյուլիստանի պատմական պայմանագրի 200-ամյակին, ըստ որի՝ Արեւելյան Հայաստանի մի շարք շրջաններ՝ Արցախ, Զանգեզուր, Շիրակ, Լոռի, Տավուշ, անցան ռուսական կայսրության տիրապետության տակ:

Ս. Ալավերդյանի ներկայացմամբ, համալիրի կառուցմանը նաեւ հավանություն են տվել Կրասնոյարսկի իշխանությունները:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930